Շաբաթ օրը Կիևի կենտրոնում բուռն բախումներ սկսվեցին Ուկրաինայի եվրաասոցացման կողմնակիցների և «Բերկուտ»-ի միջև: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱ նախկին նախարար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը և «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան անդրադարձան Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, միջազգային հանրության արձագանքին, Մայդանում ներկայիս տրամադրություններին:
Պարոն Շուլգան բացատրեց, թե ինչ է կատարվում Մայդանում, և նշեց, որ ներկայում Մայդանում ձևավորվել է դժվար կանխատեսելի իրավիճակ, երբ դժվար է ասել՝ ինչ կարելի է սպասել հաջորդ րոպեին: Նա չհերքեց նաև մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ Մայդանում կանգնած ուկրաինացիների տրամադրությունները ավելի արմատական են դառնում:
Դավիթ Շահնազարյանն իր աջակցությունը հայտնեց Մայդանի բոլոր պահանջներին, ուկրաինական ժողովրդին և այն պայքարին, որ մղում են իրենց անկախության պահպանման և համաեվրոպական ընտանիքի անդամ դառնալու ուղղությամբ: Նա հանդես եկավ մի քանի դիտարկումներով: Դավիթ Շահնազարյանն ընդգծեց՝ եթե նոյեմբերի 30-ին Ուկրաինայի իշխանության ուժային արձագանքը չլիներ, ավելի քիչ հնարավորություն կլիներ Մայդանի կայացման համար:
«Այս երկու ամիսների ընթացքում արձանագրվել է ուկրաինական իշխանությունների ոչ ադեկվատ արձագանքը այն ամենին, ինչ կատարվում է Կիևում և ընդհանրապես՝ ողջ Ուկրաինայում: Ես չեմ տեսնում իշխանությունների՝ իրական երկխոսության գնալու ցանկություն: Կներեք, այս իրավիճակում ձևավորել հակաճգնաժամային հանձնաժողով՝ լուրջ չէ: Կիսում եմ ընդդիմությքան առաջնորդների վերաբերմունքը, որոնց կարծիքով՝ այդ օրգանը ոչ արդյունավետ է լինելու, և իշխանությունները փորձում են այդկերպ անել ամեն ինչ՝ ընդդիմության հետ իրական երկխոսության չգնալու համար»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Առաջարկում ենք Դավիթ Շահնազարյանի, Սերգեյ Մինասյանի ամբողջական դիտարկումներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:










































