ՔՊ կուսակցության ղեկավար անդամ Ալեն Սիմոնյանը օրերս տված հարցազրույցներից մեկում անկեղծորեն բացահայտել է Նիկոլ Փաշինյանի թիմի նախընտրական մարտավարությունը։ Խորհրդարանական առաջիկա ընտրություններում կարևոր է հատկապես «Իմ քայլը» դաշինքի մարտավարությունը, որովհետև միայն այս թիմն է, ըստ էության, օրակարգ թելադրողը, իսկ մյուսները, մեծ իմաստով, լինելու են արձագանքողի, լավագույն դեպքում՝ պատասխանողի դերում։
Սիմոնյանի ասածներից բխում է, որ մոտավորապես վերատադրվելու է Երևանի ավագանու ընտրությունների մարտավարությունը, որն, ըստ էության, բացառում է ծրագրային բաղադրիչը։
«․․․Մի բան ակնհայտ է, որ սա, ըստ իս, վերածվելու է վարչապետի ուղիղ ընտրության, այսինքն՝ ժողովուրդը պետք է բացի իր պատգամավորին ընտրելուց, հասկանա, որ այս ընտրությունը ինքը կատարելու է նաև հօգուտ պարոն Փաշինյանի կամ ընդդեմ պարոն Փաշինյանի», – ասել է Ալեն Սիմոնյանը:
Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը հեղափոխության թիմի հիմնական հաղթաթուղթն է։ Սա աշխատող գործոն է հատկապես այն պարագայում, երբ առաջիկա ընտրություններում ակնհայտորեն վարչապետի մեկ թեկնածու է լինելու, որովհետև մնացած բոլոր կուսակցություններն առավելագունը պայքարելու են երկրորդ տեղի, նույնիսկ՝ անցողիկության շեմը հաղթահարելու համար։ Իհարկե, ընտրական գործընթացի միակ ֆավորիտը կարող է իր բարձր վարկանիշն օգտագործել՝ ապագայի հստակ տեսլական ներկայացնելու համար։ Սակայն քաղաքական ծրագրերն ու ուղերձները դեռևս շռայլություն են Հայաստանի համար, մանավանդ, որ թավշյա հեղափոխությունը նախադեպ դարձավ, թե ինչպես կարելի է հասնել բեկումնային փոփոխությունների՝ առանց քաղաքական հարթակի ու քաղաքական ուղերձների։ Ի դեպ, նույն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը 80%-ից ավելի քվե ստացավ՝ առանց փաստարկված զարգացման ծրագրի՝ դարձյալ բացառապես Փաշինյանի հեղինակության շնորհիվ ու հակահեղափոխության ռևանշի իրական կամ մտացածին վտանգի դեմ հասարակությանը կոնսոլիդացնելով։
Ի դեպ, առաջիկա քարոզարշավում էլ հակահեղափոխության ռևանշի ուրվականը դարձյալ օգնելու է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, մանավանդ, որ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին։
Նույն հարցազրույցում Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավ Հանրապետական կուսակցության մտնելը ավելի կհեշտացնի իրենց քարոզչությունը, քանի որ Հանրապետականի վերջին ժամանակահատվածի գործելաոճը շատ բացասական է անդրադառնալու իրենց վրա․ «Ես նկատի չունեմ միայն կառավարման տարիները, այլ վերջին ժամանակահատվածի այն քայլերը, որոնք իրենք նախաձեռնեցին Ազգային ժողովում և որը որ բուռն արձագանք գտավ, շատ բացասական են անդրադառնալու իրենց վրա»:
Այլ խոսքով՝ մենք ունենալու ենք բավականին միագիծ, ու կանխատեսելի ընտրարշավ ու ընտրությունների արդյունքներ, որոնք թույլ կտան Նիկոլ Փաշինյանին ձևավորել մոնոլիտ քաղաքական իշխանություն։
Խորհրդարանական ընտրությունները, սակայն, երևանյան ընտրություններից տարբերվում են իրենց քաղաքական մասշտաբով ու նաև այն հանգամանքով, որ դրանցով հեղափոխությունն ավարտվում է, ու արդեն մյուս օրվանից հասարակությունը դառնում է պահանջատեր ու սկզբունքորեն կառավարող կուսակցությունն իր բացթողումներն այևս չի կարող «դուրս գրել» հակահեղափոխության վրա։
Նիկոլ Փաշինյանը գիտի՞, թե որն է լինելու իր քաղաքական ուղերձը դեկտեմբերի 10-ին։ Ի՞նչ գաղափարների շուրջ է նա միավորելու հասարակությանը, երբ «թշնամու» կերպարը դադարում է լինել կոնսոլիդացնող գործոն։
Դեկտեմբերի 10-ին Հայաստանն ունենալու է իշխանություն, որի լեգիտիմության աղբյուրը լինլու են ոչ այնքան ընտրությունների արդյունքները, որքան՝ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը։ Ընդ որում՝ դեկտեմբերի 10-ից սկսած Փաշինյանի վարկանիշն օբյեկտիվորեն անկում է ապրելու, արդյո՞ք նրան կհաջողվի մինչև հասարակության բնական սեգմենտացիան ձևավորել արդյունավետ համակարգ, որը կդառնա քաղաքական կայունության կարևոր երաշխիք, թե՞ հեղափոխական էյֆորիայից հետո երկիրը թևակոխելու է հետհեղափոխական պետրամենտ անկայունության փուլ։
Կանխատեսելի ընտրությունների արդյունքներից շատ ավելի կարևոր են այս հարցերի պատասխանները, որոնք այս պահին տակավին բացակայում են ու հազիվ թե դրանք ունենանք նաև քարոզարշավի օրերին։








































