Այսօր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցինք, թե Կազանը Հայաստանի իշխանության հաղթանա՞կն էր, թե՞ ոչ, ինչին ի պատասխան նա արձագանքեց, թե չի ցանկանա նման ծայրահեղ ձևակերպումներ տալ:
«Տեսեք, եթե նայենք երկու երկրների նախագահների հայտարարությանը, կտեսնենք, որ մենք դեմոկրատ ենք, իսկ Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը բռնության կոչերով: Իմ կարծիքով, հաղթանակն այն էր, որ խաղաղությունը դեռևս պահպանվում է և կպահպանվի»,- նկատեց Հովհաննես Սահակյանը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Կազանից հետո իշխանությունն առավել չպետք է կենտրոնանա ներքին խնդիրների վրա՝ առավել ամրացնելու համար ներքին հասարակական միջավայրը, շտապ ձեռնամուխ լինի երկխոսության` պատասխանեց. «Սերժ Սարգսյանը իր պատասխանն արդեն տվել է, հետևաբար մենք սպասում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանին, որը կհնչի ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքին»:







































