ԱՄՆ-ը պետք է հավասարակշռություն գտնի սեփական անվտանգության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության միջև՝ հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ ելույթով: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը ուժ կցուցաբերի`անվտանգության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության միջև հավասարակշռություն սահմանելու համար»,- ասել է Շտայնմայերը:
ԳԴՀ ԱԳ նախարարը ողջունել է ԱՄՆ նախագահի` բարեկամ օտարերկրյա պետությունների առաջնորդներին լրտեսելուց հրաժարվելու և բջջային հեռախոսների տվյալների հավաքագրումը սահմանափակելու որոշումը:
«Մենք դա ողջունում ենք նաև այն պատճառով, որ հիմք է ստեղծում ԱՄՆ-ում ավելի բաց քննարկման համար, որն արդեն վաղուց է սկսվել»,- ասել է ԱԳ նախարարը:










































