«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը։
–Տիկին Համբարձումյան, վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց Սամվել Մայրապետյանի ու ձեզ հետ կապված քրեական գործը։ Դուք պնդումներ արեցիք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի հետ կապված, իսկ Մայրապետյանի պաշտպանն ասում է, որ դա տնտեսական բնույթի գործ է։
-Ուրեմն ես ասեմ, որ Մայրապետյանով են ինձ կանչել Հատուկ քննչական ծառայություն։ Թող ոչ Մայրապետյանի փաստաբանը, ոչ էլ ընտանիքի անդամները սուտ տեղեկություններ չտարածեն։ Մայրապետյան Սամվելն ասել է, որ այս փողը փոխանցել է, բայց թե ինչի համար, չգիտի։ Ուրեմն նա գործարար է, փող է փոխանցում ու չգիտի՞ ինչի համար։ Այնպես որ, լավ կլինի իրենք մեծ-մեծ չխոսեն։
–Սամվել Մայրապետյանի պաշտպանն ասում է, որ Մայրապետյանի հետ կապված քրեական գործը ոչ մի կապ չունի Մարտի 1-ի հետ, ինչը դուք եք պնդում։
-Այո, ես պնդում էի, քանի որ սկզբում գործը գնում էր այդ ուղղությամբ, բայց հարցաքննությունից հետո փոխվեց գործի ընթացքը։ Բայց սկզբում Մարտի 1-ով էր գնում, և միայն քննության ընթացքում է պարզվել, որ Մարտի 1-ի հետ կապ չունի։ Եվ ես ուզում եմ հստակեցնել, որ Մայրապետյանի դեմ ես չեմ բողոք ներկայացրել։ Գործ է հարուցվել, և այն օրը, երբ Մայրապետյանին տարել են, ինձ էլ էին կանչել ՀՔԾ հարցաքննության։
–Մայրապետյանի պաշտպանն ասում է, որ նա չի ճանաչում Քոչարյանին, ոչ մի կապ չի ունեցել նրա հետ։ Դուք ևս գործարար եք։ Ձեզ համար արժանահավա՞տ են այս պնդումները։
-Մի պարզ բան հարցնեմ՝ ինչու դուք, ես չենք կառուցում Երևանում շենքեր, հյուրանոցներ, այլ դա տարիներ շարունակ՝ սկսած Քոչարյանի ժամանակներից, անում է Սամվել Մայրապետյանը։ Բնականաբար, դա կարող էր անել միայն Քոչարյանի մարդը։
–Դուք երկրորդ անգամ չե՞ք կանչվել հարցաքննության։
-Ոչ։ Առայժմ չեն կանչել։
–Տիկին Համբարձումյան, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ, ինչը լուրջ դժգոհություն առաջացրեց։ Դուք որպես սյունեցի, ինչպե՞ս եք գնահատում այս դժգոհությունը։
-Ասեմ, որ շատ լավ կադր են նշանակել Սյունիքի մարզպետ։ Ես ճանաչելով Հունան Պողոսյանին շատ վաղուց, կարող եմ ասել, որ նա ոստիկանության համակարգի միակ մաքուր մարդն էր և վստահեցնում եմ, որ նրանից լավ ոչ ոք չէր կարող նշանակվել մարզպետ։ Մենք շատ լավ կադրեր ունենք և ափսոս է, որ նրանց բաց թողնենք՝ ինչ է թե նախկին իշխանության ժամանակ են աշխատել։ Ինչ կապ ունի դա։ Մարդիկ կգան ու կաշխատեն արդեն նոր վարչապետի ենթակայության տակ, նրա հրամաններով։
–Բայց Հունան Պողոսյանը նախկին ռեժիմի ամենավառ ներկայացուցիչն է եղել։
-Հունան Պողոսյանը և Վալերի Օսիպյանը եղել են բարիկադների հետևում։ Եթե մեկը կա, որ կգա կկանգնի ու կասի, որ Հունան Պողոսյանն իրեն վատ է պահել բարիկադների հետևում, ես կարծիքս կփոխեմ։ Նա իրեն շատ կարգապահ է պահել։ Հունան Պողոսյանը համակարգում եզակիներից է եղել իր կրթվածությամբ, կաշառակեր չլինելով։
–Դուք ասում եք կաշառակեր չէ, բայց մամուլը մատնացույց է անում նրա դիզած հարստությունը, որը զուտ աշխատավարձով հնարավոր չէ։
-Ինչ հարստության մասին է խոսքը, եթե մարդը 10 տարում մի տուն է կառուցում՝ վաճառելով իր նախկին տունը։
–Հունան Պողոսյանի հայտարարագիրը բոլորովին այլ բանի մասին է։
– Նա հայտարարագրած պետք է լինի իր միակ սեփական տունը և մի մեքենա։ Ուրիշ ի՞նչ ունի, որ։ (Փոխոստիկանապետի պաշտոնի դադարեցման պահին Հունան Պողոսյանի հայտարարագրում եղել է 20 մլն դրամ, 20 հազար դոլար: Անշարժ և շարժական գույք ձեռք բերելու կամ օտարելու մասին Հունան Պողոսյանի 2018-ին ներկայացրած հայտարարագրերում նշում չկա- հեղ․)։
–Այդ դեպքում, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ սվիններով ընդունվեց Հունան Պողոսյանի նշանակումը։
-Ասեմ ձեզ, ես Սյունիքից վերադարձել եմ կիրակի օրը։ Երբ որ ես հարցրեցի, թե ով է ճանապարհ փակել, ինձ ցույց տվեցին երկու մեքենա և ասացին, որ դրանք Սուրեն Խաչատրյանի կողմնակիցներն են, որոնց հետ ժողովուրդը վիճել է, դրանք էլ ներողություն են խնդրել և հեռացել են։
–Բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հունան Պողոսյանի դեմ բողոքի ակցիա իրականացրածները հենց իրենց կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ են եղել։
-Ես չգիտեմ՝ ինչ են եղել, բայց ես կարող եմ վստահ ասել, որ սյունեցիները կողմ են, որ Հունան Պողոսյանը լինի իրենց մարզպետ։ Ես երկար ժամանակ Կապանում ոտքով շրջել եմ, զրուցել եմ իրենց հետ, բոլորն էլ կողմ են արտահայտվել։ Հունան Պողոսյանը շատ խիստ մարդ է ու կարող է վերահսկողություն սահմանել Սյունիքում, որը նարկոտիկի անցկացման տարանցիկ ճանապարհ է։ Սյունիքը վերջապես ունի նորմալ մարզպետ, ու վերջապես վերահսկողություն կլինի մարզում։
–Տիկին Համբարձումյան, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պարբերաբար թվերով փորձում է ցույց տալ, որ հեղափոխությունից հետո տնտեսությունը անկում է ապրել, և մենք առաջիկայում կարող ենք տարին փակել տնտեսական աճի շատ ցածր ցուցանիշով։ Դուք, որպես գործարար, հետընթաց նկատո՞ւմ եք։
-Մենք տնտեսական անկում չենք ունենա հեղափոխությունից հետո։ Մենք վերջին 10 տարիներին ենք անկում ունեցել, տնտեսական աճ չի եղել։ Եվ դուք կտեսնեք, որ արտահերթ ընտրություններից հետո մեր տնտեսությունը ինչպես է զարգանում, ինչքան ներդրումներ են ներգրավվելու։ Կտեսնեք, թե միայն ես ինչքան ներդրող եմ բերելու, ինչքան աշխատատեղ է բացվելու, և մենք բոլորս՝ հատկապես Սյունիքում, ազատ կշնչենք։







































