Հայաստանում ներքաղաքական զարգացումներին զուգահեռ, որոնք մոտենում են հանգուցալուծման որոշակի եզրագծի, բավական աշխույժ զարգացումներ են ծավալվում արտաքին միջավայրում և մասնավորապես Հայաստանի շուրջ: Ընդհանրապես, այդ իմաստով ակտիվության բավական նկատելի շրջանը, որ սկսվել էր սեպտեմբերին, շարունակվում է մինչ այժմ:
Ընդ որում՝ այն բավականին բազմավեկտոր է և ներառում է գործնականում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների լայն արեալ՝ Մոսկվայից մինչև Եվրոպա՝ Փարիզ, Վաշինգտոն, Նիկոլ Փաշինյանն այցելել է Լիբանան, որը մերձավորարևելյան տարածաշրջանում յուրօրինակ խաղաղության հանգրվան է և հենց դրանով հանդերձ նաև անկասկած քաղաքական ուշագրավ «հետնաբեմ»: Երևանում է ԱՄՆ նախագահի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, և ինչն ուշագրավ է՝ նա եկել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հրավերով և մասնակցում է նրա իսկ կազմակերպած «Եվրասիական շաբաթին», այդ շրջանակում տնտեսական ֆորումին:
Այդ ընթացքում Մոսկվայում ՌԴ ղեկավարության հետ քննարկումներ էր անում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը ժամանելու է նաև Կովկաս՝ ռեգիոնալ այցով, այդ թվում՝ Հայաստան: Ինչ հարցեր կան Բոլթոնի օրակարգում, պարզ չէ: Մոսկվայում նրա մասնակցությամբ քննարկումներում Կովկասի և մասնավորապես մեզ հետաքրքրող ղարաբաղյան խնդրի առնչությամբ չկան առանձնակի տեղեկություններ: Մյուս կողմից՝ բացառվում է, որ ռեգիոնալ այցով Մոսկվայից Կովկաս ժամանող Բոլթոնը Ռուսաստանում Պուտինի և մյուս քաղաքական ղեկավարների հետ չքննարկեր Կովկասի հետ կապված հարցեր: Այդ իմաստով լռությունը լա՞վ, թե՞ վատ նշան է, պարզ չէ:
Ակնառու է, որ Նահանգները Կովկասի առնչությամբ ինչ-որ առաջարկներ կամ պատկերացումներ ունի, որոնք փոխանցում է Մոսկվային: Եվ այստեղ կասկած չկա, որ դրանք տեղավորվում են ավելի լայն աշխարհաքաղաքական հարցերի համատեքստում, և հնարավոր է, այսպես ասած, «բարտերային» որևէ պայմանավորվածություն կամ այդպիսի ակնկալիք Վաշինգտոնում, ինչը Մոսկվայում կամ կընդունվի, կամ՝ ոչ: Ընդ որում՝ այստեղ, իհարկե, ամենևին աներկբա չէ, որ Կովկասի առնչությամբ որևէ պայմանավորվածությունը Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև Երևանի համար ենթադրելու է վտանգ: Այն կարող է ենթադրել նաև հնարավորություն:
Այդ իմաստով ամեն ինչ կախված է նրանից, թե Երևանը որքանով է պատրաստ ամենատարբեր սցենարներին, քանի որ բավական բարդ կլինի տեղեկանալ ռուս-ամերիկյան բանակցության այն մանրամասներին, որոնք նրանք չեն ցանկանա հայտնի դարձնել ռեգիոնի երկրներին: Մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական պրոցեսները չեն լինում ի սկզբանե վտանգավոր կամ անվտանգ: Դրանք լինում են անխուսափելի, իսկ ահա թե ինչ բնույթ կամ որակ են ստանում՝ արդեն կանխորոշվում է այն սուբյեկտների կենսունակության որակներով, որոնց այս կամ այն չափով առնչվում են այդ պրոցեսները: Այս հանգամանքը Հայաստանում անհրաժեշտ է դարձնում նոր խորհրդարանի ձևավորումն ու ամբողջական իշխանության կազմավորումը, քանի որ միայն դրա շնորհիվ Հայաստանը գործնականում կկարողանա առավել մեծ ուշադրությամբ կենտրոնանալ արտաքին միջավայրում տեղի ունեցող գործընթացների վրա, այսպես ասած՝ չունենալով անընդհատ հետ նայելու անհրաժեշտություն:
Մտահոգությունը, թե ընդդիմության բացակայությունը կլինի թուլացնող գործոն, իրականում բացարձակ անտեղի է՝ նկատի ունենալով ոչ միայն այն, որ նոր խորհրդարանում կլինի առնվազն 30 տոկոս ընդդիմություն՝ Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմություն ասվածը դեռ մի քանի տարի կլինի պայմանական, առնվազն արտաքին հարցերի իմաստով, այլ հաշվի առնելով այն, որ կա հանրային լեգիտիմության գործոնը: Ոչ մի իշխանություն և ոչ մի ընդդիմություն չի կարող քաղաքական կշռի իմաստով լինել դրանից վեր: Իշխանությունը կամ ընդդիմությունը կարող են ընդամենը գեներացնել այդ գործոնը պետական ռազմավարական շահերի և անվտանգության համար, կամ մսխել անձնական կամ խմբային շահերի ու անվտանգության համար:
Ըստ այդմ՝ այստեղ է խնդիրը, և խորհրդարանի նոր ընտրությունը նաև կարևոր արտաքին քաղաքական միջավայրային պահին զուգահեռ բավական պատեհ պահ է գեներացնելու տեսանկյունից, քանի որ ընտրական կամ նախընտրական միջավայրը կուսակցություններին ստիպում է ստանձնել որոշակի պատասխանատվություն այնպիսի հարցերի կամ քայլերի իմաստով, որոնք նրանք կամովին չեն անի երբեք:
Լուսանկարում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և ԱՄՆ նախագահի կիբերանվտագության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին








































