Ուրբաթ Պակիստանի արևելյան Փենջաբ մարզում պայթյունի հետևանքով ռելսերից դուրս են եկել մարդատար գնացքի 7 վագոնները: Զոհվել է առնվազն 5 մարդ, 15-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է պակիստանյան Express Tribune թերթը:
Դեպքը տեղի է ունեցել Ռաջանպուր շրջանում: Գնացքը շարժվելիս է եղել հյուսիսարևմտյան Փեշավար շրջանից երկրի հարավային Կարաչի քաղաք: Ռելսերին դրված ռումբի պայթյունի հետևանքով 7 վագոն դուրս են եկել գծերից, դրանցից երկուսը շրջվել են: Պայթյունի պահին գնացքի արագությունը կազմել է 60-70 կմ/ժամ:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Դեռևս ոչ ոք չի ստանձել ահաբեկչության պատասխանատվությունը:







































