Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում ավարտվել է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև անվտանգության շուրջ երկխոսության 12-րդ նստաշրջանը։
Նիստում ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ռազմա-քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Էնդրյու Շապիրոն։
Հանդիպումից հետո Ազիմովը նշել է, որ քննարկվել է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև անվտանգությանը, ինչպես նաև ահաբեչության դեմ պայքարին առնչվող խնդիրներ։
Շապիրոն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ը սերտ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ. «Երկու երկրների հարաբերությունները պոտենցիալ զարգանալու տեղ ունեն։ ԱՄՆ-ը էներգետիկ անվտանգության, ներքին բարեփոխումների ու Կասպիցի ենթակառույցների ոլորտներում շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ։ Մենք ցանկանում ենք ավելի խորացնել Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը»։
Պլանավորված է, որ հաջորդ նիստը տեղի կունենա 2012 թվականին՝ Վաշինգթոնում։









































