«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
-Պարոն Ենոքյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Փաշինյանը նշում է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, իսկ խորհրդարանի երեք ուժ, դրա դեմ քայլեր ձեռնարկելով, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ լրացնելու նախագիծ են ընդունել։ Արդյո՞ք այս պայմաններում հնարավոր է ընտրությունները շուտ անցկացնելու կոնսենսուս ձեռք բերել։
– Խորհրդարանի երեք ուժերի ընդունած նախագծի իմաստը հասկանալի է՝ նրանք ցանկանում են իրենց ապահովագրել ժողովրդական լայն զանգվածների կողմից ԱԺ աշխատանքներին խոչընդոտելուն և ունի ինքնապաշտպանության իմաստ։ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ներկայացրել, թե որն է դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու և նախապես հայտարարված մայիսը չեղարկելու իմաստը։ Եթե խնդիրն այն է, որ հիմա ինքն ունի շատ բարձր վարկանիշ, որը մայիսին կարող է չունենա, ապա այս դեպքում ավելի ազնիվ կլիներ, եթե կառավարությունը աշխատեր վեց ամիս ևս, ցույց տար իր բարձր պրոֆեսիոնալիզմը, պահպաներ ու ավելացներ իր վարկանիշը։ Ազգային ժողովը այս ամիսների ընթացքում ցույց է տվել, որ չի խանգարում սոցիալ-տնտեսական բարեփոխումների նրա ծրագրերին, ավելին, որևէ բարեփոխական ծրագիր անգամ չի բերվել խորհրդարան, որպեսզի ապացուցվեր, թե այն խոչընդոտ է։
Մյուս կողմից, բոլոր քաղաքական ուժերը, ըստ նախնական գրաֆիկի, պատրաստվում էին մայիսյան ընտրություններին, և դեկտեմբերին նրանցից ոչ ոք պատրաստ չի լինի՝ բացի ՔՊ-ից։ Իրականում ՔՊ-ն նույնպես պատրաստ չի լինի, ես դժվարանում եմ տեսնել այս կուսակցության անդամների, ասենք, 100 հոգանոց ցուցակ, որոնց ընտրողները ոչ միայն վստահում են, այլև ճանաչում են, ուրեմն դեկտեմբերի ընտրություններին պատրաստ է միայն Նիկոլ Փաշինյանը, որը կարող է ողջ ցուցակը իր հեղինակությամբ անցկացնել խորհրդարան, ինչպես եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։
Ի դեպ, դեկտեմբերյան ընտրությունների դեպքում միջազգային դիտորդները հազիվ թե հասցնեն ներկա գտնվել, ինչը չի նպաստի այդ ընտրությունների լեգիտիմությանը։
– ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն կարո՞ղ էին առանց Մոսկվայից երաշխիքներ ստանալու նման քայլի դիմել, տեսնո՞ւմ եք իրենց գործողություններում արտաքին հետք։
– Բայց սա պարզ ինքնապաշտպանական քայլ է։ Ոչ ոք չի հերքել զանգվածները խորհրդարան տանելու և դրանով ԱԺ նիստերին խոչընդոտելու սցենարը։ Եթե մեկին սպառնում են, որ գլխին կխփես, և նա անգամ քար չի վերցնում իր ձեռքը, այլ ընդամենը հեծանվորդի սաղավարտ է դնում, նրան չես կարող մեղադրել, թե դա ռուսները կամ ամերիկացիներն են հորդորել։
– Իրադարձությունները տեղի են ունենում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, և Փաշինյանն ասել է, որ իր հրաժարականի հարցը կքննարկի նաև Ֆիանկոֆոնիայի անդամ երկրների ղեկավարների հետ։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ չէ, այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում։
– Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը արտահայտում է այն մտահոգությունը, որ երկրում իրավիճակի լարման դեպքում գագաթնաժողովի մասնակից շատ երկրներ կարող են վերանայել իրենց մասնակցության հարցը։ Եվ նա չի ասել, թե Ռուսաստանի հետ իրավիճակը չի քննարկելու, կարծում եմ՝ մյուս ոչ ֆրանկոֆոն գործընկերների հետ նույնպես քննարկումներ կլինեն, տարածաշրջանում չափազանց լարված իրավիճակ է, որպեսզի անտեսվի միջազգային գործոնը ներքաղաքական կտրուկ սրման դեպքում։
– Փաշինյանն ասել է, որ հրաժարական կտա արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Քանի որ վստահ չենք կարող լինել, որ մյուս ուժերը թեկնածու չեն առաջադրի, միայն ժողովրդի վրա հույս դնելը բավարար կլինի՞։
– Կարծում եմ, որ հույսը միայն ժողովրդի վրա չի դրվի, կգործարկվեն նաև հարկայինը, ԱԱԾ-ն և մյուս կառույցները, որոնք իրենց հերթին կարող են պատգամավորների վրա ճնշումներ բանեցնել։
– Արդյո՞ք միջազգային հանրության համար ընկալելի կլինեն ժողովրդի գործողություններն այդ դեպքում՝ մանավանդ, երբ ՀՀԿ-ն դրսում ակտիվ հակաիշխանական քարոզչություն է ծավալում։
– Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ ՀՀԿ-ի ակտիվ ճնշումներից, սակայն որպեսզի միջազգային հանրության համար ընկալելի լինի Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված պահանջը դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ապա նա առնվազն պարտավոր է նրանց բացատրել իր որոշումը։ Եթե մայիսի իրադարձությունները հասկանալի էին բոլորի համար, ապա այժմ ժողովրդական զանգվածների միջոցով օրենքների ու Սահմանադրության խախտումներին պետք է լուրջ հիմնավորումներ բերվեն։ Այնուամենայնիվ, միջազգային հանրության համար ավելի ընկալելի է օրենքներով առաջնորդվող երկրի հետ աշխատել, քան պերմանենտ հեղափոխության։









































