Գերմանիայում զույգը կալանքի է դատապարտվել՝ կանանց դաժանորեն կտտանքների ենթարկելու և սպանելու համար: Այս մասին հաղորդում է ВВС-ն:
49-ամյա Անժելիկա Վագեները 13 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ նրա 48-ամյա նախկին ամուսինը՝ Վիլֆրիդ Վագեները 11 տարի հոգեբուժական բաժանմունքում կանցկացնի:
Նշվում է, որ դատավճիռը սահմանելուց հետո կինը ժպտացել է և գրկել իր փաստաբանին:
Տարիներ շարունակ ծանոթությունների մասին հայտարարություն տալով՝ զույգը տուն է տարել կանանց և կտտաքների ենթարկել:

Տեղացիները նրանց տունը «սարսափների տուն» են անվանում: Տղամարդն ու կինը դաժանորեն ծեծել են իրենց զոհերին, խեղդել, հոսանքահարել, պղպեղե աերոզոլ լցրել նրանց վրա և պոկել են մազերը: Կտտանքների հետևանքով երկու կին է զոհվել:
Դատական նիստի ժամանակ կինն ասել է, որ զոհերից մեկի մարմինը մերկացրել են, սառեցրել, իսկ հետո այրել և մոխիրը շաղ են տվել:
Զույգի հանցագործությունների մասին հայտնի է դարձել 2016-ին, երբ նրանք տուն էին վերադարձնում դաժանորեն ծեծված զոհերից մեկին: Ճանապարհին նրանց ավտոմեքենան փչացել է և ստիպված շտապօգնություն են կանչել, սակայն կինը հիվանդանոցում մահացել է:








































