Սիրիայում նոր պատերազմ է թեժանում, այս անգամ՝ Բաշար Ասադին դեմ կռվող խմբավորումների միջև: Ընդ որում՝ թեժությամբ և զոհերի թվով այդ մարտերը հաճախ գերազանցում են ընդդիմության ու կառավարական ուժերի միջև բախումներին: Գլխավոր գործող անձինք են «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող «Իսլամական պետություն Իրաքում և Լևանտում» խմբավորման անդամները և, մյուս կողմից, առավել չափավոր շարժումները: Փորձագետները մարտական գործողությունների ակտիվացումը կապում են մոտեցող «Ժնև 2» համաժողովի հետ: Ռեժիմի հակառակորդները ցանկանում են ցույց տալ Արևմուտքին և Պարսից ծոցի իրենց հովանավորներին, որ ունակ են վարել օրինակելի-ցուցադրական հակաահաբեկչական գործողություն:Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Չափավոր ընդդիմադիր խմբավորումները շտապում են մինչև հունվարի 22-ը, երբ շվեյցարական Մոնտրյո քաղաքում կկայանա համաժողովը, երկրի հյուսիսային շրջանները ջիհադականներից մաքրելու գործողությունը ավարտին հասցնել: Վերջին ամիսներին իսլամիստ ծայրահեղականների դիրքերի ուժեղացումը տագնապ է առաջացնում ոչ միայն արևմտյան տերությունների մեջ, որոնք սառեցրել են ռազմական օգնությունը սիրիական ընդդիմությանը, այլև Սաուդյան Արաբիային:
«Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորումն ունի 10 հազար ակտիվ մարտիկ: Խմբավորումը 70 տոկոսով կազված է օտարերկրացի ջիհադիստներից: Ի տարբերություն Սիրիայի ազատ բանակի՝ նրանք կանոնավոր կերպով ֆինանսավորում են ստանում Պարսից ծոցի երկրներից:Փորձագետները կարծում են, որ այժմյան պատերազմի պատճառներից մեկը պայքարն է հովանավորների գումարների համար:
Սիրիայի ազատ բանակ ջոկատների կազմում (15-20 հազար մարտիկ) չափավոր իսլամիստները հարձակում են սկսել հակառակորդի վրա միանգամից մի քանի ճակատներով: Վերջին մի քանի օրերին միայն մոտ 500 մարդ է զոհվել:
Մեկ այլ ծայրահեղական խմբավորում՝«Ջեբհաթ Ալ Նուսրան» վերջին մարտերին չի մասնակցել: Նա փորձում է միջնորդի դեր խաղալ: Սակայն պատերազմի դադարեցման նրա կոչերին ոչ ոք ականջալուր չի լինում: Մինչ համաժողովի անցկացումը հազիվ թե չափավոր ընդդիմադիրները համաձայնեն հաշտվել ջիհադիստների հետ:Այն կոչնչացնի «հակաահաբեկչական օպերացիայի» ողջ պրոպագանդիստական էֆեկտը, որն այնքան տեղին էր:







































