Այսօր Դեթրոյթում կբացվի ամենամյա հյուսիսամերիկյան միջազգային ավտոսրահը: Սպասվում են ինչպես սերիական ավտոմեքենաների, այնպես էլ կոնցեպտ մեքենաների մի շարք համաշխարհային պրեմիերաներ:
Հարկ է նշել, որ շատերը կասկածում էին ավտոսրահի ցուցադրության անցկացմանը՝ ԱՄՆ ավտոմոբիլային մայրաքաղաքի սնանկության պատճառով, որի պարտքը գնահատվում է 18.5 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք կատարել ենք հսկայական աշխատանք, որպեսզի այն տեղի ունենա: Համաշխարհային ավտոարտադրողները ցույց տվեցին իրենց շահագրգռվածությունը՝ հայտարարելով մոտ 50 նորույթ Դեթրոյթ բերելու մասին, որոնք դեռ ոչ մի տեղ չեն ցուցադրվել: Մենք մեր հերթին մտադիր ենք հաստատել մեր բարձր կարգավիճակը՝ որպես առաջատար ավտոսրահ»,- հայտարարել է Դեթրոյթի ավտոսրահի նախագահ Բոբ Շումանը:
Կազմակերպիչների խոսքով՝ ավտոսրահում սպասվում է այնպիսի համաշխարհային արտադրողների ցուցադրության պրեմիերաներ, ինչպիսիք են՝ Acura-ն, Audi-ն, BMW-ն, Cadillac-ը, Chevrolet-ը, Chrysler-ը, Ford-ը, Honda-ն, Hyundai-ն, Kia-ն, Mercedes-Benz-ը, Nissan-ը, Porsche-ն, Subaru-ն, Toyota-ն, Volkswagen-ը և Volvo-ն:
Ցուցադրության ամենասպասված ավտոմեքենաներն են՝ նոր սերնդի Mercedes-Benz C-class AMG Line-ը, BMW 2-Series-ը, մարզական Lexus F-ն ու նոր սերնդի Ford Mustang-ը:
Մեծ է ուշադրությունը նաև արտաճանապարհային Volkswagen Dune-ի (VW Beetle Dune), ինչպես նաև Chrysler 200-ի նկատմամբ:
Համաշխարհային առաջատար ավտոսրահներից մեկն իր աշխատանքը կավարտի հունվարի 26-ին:
Դեթրոյթի ավտոշոուն անցկացվում է 1907-ից, իսկ միջազգային կարգավիճակ ավտոսրահն ստացել է 1988 թվականին:









































