ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպման և նման աշխատանքային քննարկումների անհրաժեշտություն կա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հանդիպումների նպատակը որևէ կողմին գոհացնելը չէ, այլ սա աշխատանքային քննարկում է:
«Ռեալիթի շոու չէ, և նպատակը ոչ թե պրոցեսն է, այլ արդյունքը: Մեր տեսակետները ծայրահեղ տարբեր չեն: Ես մի քիչ զարմացա, որ վարչապետը, երբ վերջում մեկնաբանություն էր տալիս, ՀՀԿ-ին վերագրեց մինչև 2022 թվականը ընտրություններ չանցկացնելու որոշում: Նման որոշում խմբակցությունը չունի, առանձին պատգամավորներ՝ ես, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, տարբեր կարծիքներ ենք հայտնում, բայց երեկվա քննարկման արդյունքում նման որոշում մեզ վերագրել չի կարելի»,- ասաց Ա.Աշոտյանը:







































