Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը երեկ նոր նախագահ է ընտրել, որը Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Սիրանույշ Սահակյանն է: Նա մի քանի շաբաթ առաջ նշանակվեց հանձնաժողովի անդամ, իսկ երեկ էլ բնականաբար միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: Նախկին նախագահ Էմիլ Բաբայանը նշանակվել էր նոր գլխավոր դատախազ Կոստանյանի տեղակալ:
Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահի ընտրությունը տեխնիկական խնդիր է: Հանձնաժողովի աշխատանքի բովանդակային կողմի վրա այս հարցը ընդհանրապես որևէ անդրադարձ չունի: Չունի, որովհետև հանձնաժողովի գոյությունը պետական կառավարման համակարգում բացարձակապես ձևական է և ունի մի նպատակ՝ իշխանություններին առիթի դեպքում հիմք տալ խոսելու, որ քայլեր են կատարվել 500 բարձրաստիճան պաշտոնյաներին վերահսկելու և կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ուղղությամբ:
Իրականում, սակայն, հանձնաժողովը իր մոտ արդեն երկու տարվա գործունեության ընթացքում ապացուցել է լոկ իր ձևականությունը, այդ ընթացքում քննելով մի քանի գործ, այդ թվում` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ դիմումը և գտնելով օրինակ, որ Խաչատրյանը որևէ շահերի բախում չունի իր բիզնեսների և պաշտոնի առումով: Ահա այսպես: Եվ որևէ նշանակություն չունի՝ Էմիլ Բաբայա՞նն է այդ հանձնաժողովը գլխավորում, Սիրանույշ Սահակյանը, թե՞ Պողոս Պետրոսյանը, որովհետև բացակայում է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության համար ամենակարևոր պարագան՝ քաղաքական կամքի առկայությունը Սերժ Սարգսյանի մոտ, Հայաստանում անկախ դատական համակարգի առկայությունը:
Այդ երկու հանգամանքների բացակայությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստում կատարվող ցանկացած քայլ դարձնում է ձևական: Եվ այս իմաստով Սիրանույշ Սահակյանին, իհարկե, ընդամենը վերապահված է լինելու իր դերակատարումը իշխանական թատրոնում, որ մատուցվում է հասարակությանը: Այսինքն` էթիկայի հանձնաժողով կոչվածն ինքնին ըստ էության հանդիսանում է էթիկայի խախտում, պարզապես հանրային, պետական էթիկայի խախտում:
Էթիկայի հանձնաժողովը, իհարկե, կարող է կայացնել հասարակության համար անակնկալ հակակոռուպցիոն որոշումներ, սակայն միայն այն դեպքում, երբ այդ որոշումները լինեն Սերժ Սարգսյանի քաղաքական անհրաժեշտությունը: Նման մի քանի որոշումներ Հայաստանում կայացվել են տարբեր ատյանների միջոցով, սակայն փորձը ցույց է տվել, որ պետության համար այդ որոշումների ՕԳԳ-ն զրոյական է:
Լուսանկարը՝ Photolure-ի








































