«Անմիջական կապ նշել դժվար է, բայց նման որոշումն ու հայտարարությունը չի կարող որևէ կերպ չկապվել Կազանի հանդիպման հետ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում գտնվող ռազմաբազային օպտիմալացման արդյունքում ավելացած զինամթերքը Հայաստանի ԶՈւ-ին անհատույց փոխանցելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնային խորհրդի որոշմանը, կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Փորձագետը նկատեց, որ ԼՂ հարցը տարածաշրջանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր կան շատ լուրջ հիմնախնդիրներ, ինչպիսիք են թուրք-իրանական, թուրք-սիրիական, արաբական աշխարհի խնդիրները, ապա անհրաժեշտություն կա կազանյան հանդիպումից առաջ ուժերի դասավորության և կարծիքների ճշգրտման գործընթաց է ընթանում:
«Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե այս պահին նման քայլով ռուսներն ում ինչ մեսիջ են հայտնում, սակայն, կարծում եմ, դժվար չէ կռահել, թե ով է ռազմական հռետորաբանությամբ հիմնականում սպառնում պայթեցնել տարածաշրջանը»,- նկատեց Հովհաննիսյանը, հավելելով, թե ուրախալի է ռուսական նման աջակցությունը, սակայն պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ և հայտարարել, թե Ռուսաստանն է Հայաստանին «պահողն» ու անվտանգության երաշխավորը:
Ռազմական փորձագետը հիշեցրեց, որ հայ-ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանագրով նախատեսվում է, որ կողմերը փոխկիրառելի, գերժամանակակից, համատեղելի սպառազինություն պետք է ունենան. «Հունիսի 22-ի որոշումն այս կետի գործնական կիրառություններից մեկն է՝ առաջինը չէ, ոչ էլ վերջինը կլինի»: