«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, «7-ի գործով» նախկինում մեղադրվող, նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը շարունակում է հացադուլը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Նշենք, որ Հարությունյանին թույլ չեն տալիս տեսակցել իր հարազատներին, մինչ այսօր նրան չէր կարողանում այցելել նաև փաստաբանը: Պատճառաբանում էին, թե ոչ աշխատանքային օրեր են: Այլ մանրամասներ Ինեսա Պետրոսյանից պարզել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով:
Դեկտեմբերի 24-ին բանտում նա դիմել է հացադուլի՝ պահանջելով վերացնել ընտանիքի անդամների այցելությունների արգելքը և կյանքի անվտանգության երաշխիքներ տրամադրել։
Հավելենք նաև, որ Հայաստանի ավելի քան 1500 քաղաքացիներ Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ից ազատազրկված մյուս 13 քաղաքացիների իրավունքների պաշտպանության հրատապ կոչով դիմել են Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Շվեյցարիայի Կոնֆեդերացիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:










































