«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։
-Պարոն Մինասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կժամանի Ֆրանսիա։ Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի գործարար շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ սպասումներ կան այս այցից։
–Նախ՝ շատ ուրախալի լուր է, որովհետև Ֆրանսիա է գալիս ոչ թե Հայաստանի ուղղակի ներկայացուցիչը, այլ թավշյա հեղափոխության ներկայացուցիչը։ Եվ թե՛ պաշտոնյաները, թե՛ գործարարները, թե՛ լրագրողները, թե՛ հայկական համայնքն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի այցին, մանավանդ որ նա ֆրանսերեն լավ է խոսում և կներկայացնի՝ ինչ է կատարվում Հայաստանում, կտեսնենք՝ ինչ պետք է ասի համայնքին, և ինչ նոր մարտահրավերներ, և ինչ նոր հանգրվաններ կան, որ սպասվում են ապագայում Հայաստանին։ Եվ, անշուշտ, կներկայացնի, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում վերջին դեպքերից հետո։
-Ի՞նչ նկատի ունեք՝ վերջին դեպքեր ասելով։
-Նկատի ունեմ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը։ Շատերը չեն հասկանում, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ եթե ամփոփեմ, կան և՛ ուրախություն, և՛ սպասում, և, անշուշտ, մտահոգություններ։ Հայաստանն այսօր գտնվում է այնպիսի իրավիճակում, որը երբևէ չի եղել պատմության ընթացքում։ Եվ մենք կամաց-կամաց սովորում ենք մեծամասնության և ընդդիմության միջև Հայաստանի այսօրվա իրողությունները։ Այսինքն՝ վարչապետը և կառավարությունը մի կողմում են, մյուս կողմում են՝ նախորդ իշխանության ներկայացուցիչները խորհրդարանում։ Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը կամաց-կամաց սովորում է Հայաստանի նոր քաղաքական կացությանը։ Սա, մի կողմից, լավ է, քանի որ նոր փորձառություն է, և մյուս կողմից՝ վատ , քանի որ ժողովուրդը և քաղաքական գործիչները չեն վարժվել այս նոր իրողությանը։ Եվ հիմա Սփյուռքն անհամբեր սպասում է վարչապետին, որովհետև թե՛ ներքին և թե՛ արտաքին խնդիրներն են հետաքրքիր, և թե արդյո՞ք թավշյա հեղափոխությունն իր շարունակությունը պիտի ունենա Սփյուռքի մեջ, թե՞ ոչ։
-Որքանո՞վ է Ֆրանսիան այսօր հետաքրքրված Հայաստանի ներքին խնդիրներով։ Արփինե Հովհաննիսյանը, օրինակ, ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին ներկայացրել է «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման հարցերը, քաղաքական հետապնդումների կապակցությամբ» մոնիթորինգ անցկացնելու համար։
-Սա Ֆրանսիայի համար ոչինչ է, Արփինեն իր գործը թող անի, և երբ Հայաստանի նախորդ իշխանությունները չէին հարգում կուսակցություններին, ժողովրդին, ոչ մի նախաձեռնությամբ հանդես չեկավ, որպեսզի ժողովուրդը հարգվի, քանի որ կազմում էր մեծամասնություն և իշխանություն։ Հիմա ուզում է ցույց տալ, որ այսօրվա կառավարությունը չի կարող ղեկավարել Հայաստանն իբրև պետություն, և իբրև թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդքան մեծ պատասխանատվության առջև տկար է։ Սա է, որ նա փորձում է ցույց տալ, և իր նախաձեռնությունը նոնսենս է, պարապ զբաղմունք, և որևէ մեկը չպետք է ուշադրություն դարձնի դրան։ Եվ թող նա չկարծի, թե այս նախաձեռնությունն արդյունք է ունենալու։ Այսինքն՝ պատգամավորները Ֆրանսիայում և Եվրոպայում լավ գիտեն, որ Հայաստանի նախորդ իշխանություններն այնքան վատ բաներ արեցին, այնքան խախտումներ ունեն իրենց ճակատին, որ որևէ մեկը չի օգնելու նախկին իշխանությանը։ Այսինքն՝ եթե իսկապես ՀՀԿ-ն, ենթադրենք, ժողովրդականություն ուներ Եվրոպայում, մեկը գոնե կքաջալերե՞ր, իր զորակցությունը գոնե կհայտնե՞ր Սերժ Սարգսյանին, գոնե մեկը կլինե՞ր, որ կհայտարարեր, որ Նիկոլ Փաշինյանը վտանգել է ժողովրդավարությունը։ Ոչ մի արձագանք, հայտարարություն, ոչ մի հաղորդագրություն, ոչ մի նախաձեռնություն։ Եվ սա նշանակում է, որ իսկապես նախորդ իշխանությունները մենակ էին և ոչ մի կարևորություն չունեն իրենք։
-Մակրոն-Փաշինյան հանդիպման օրակարգում արդյո՞ք կա ԼՂ խնդիրը։ Ի՞նչ է ակնկալվում այս ուղղությամբ։
-Անշուշտ։ Եվ օրակարգը երկու կետից է․ առաջին՝ կքննարկվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անելիքները, և երկրորդ հարցը պետք է լինի ԼՂ բանակցությունների հարցը, այսինքն՝ ինչ պետք է սպասել, չգիտեմ՝ ինչ պետք է խոսեն այս առումով, բայց, վստահաբար, Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի պաշտպանել իր նախաձեռնությունը և իր կեցվածքը, այսինքն՝ զատել այն, ինչ պատկանում է Հայաստանի իշխանություններին և այն, ինչ պատկանում է Ղարաբաղի իշխանություններին։
-Գործարարների հետ հանդիպում նույնպես կլինի։ Ներդրումներ որքանո՞վ կարող է Հայաստանն ակնկալել այս փուլում։
-Նախ, ըստ իս, Նիկոլ Փաշինյանը կարիք ունի տնտեսական նախաձեռնությունների գործարարների հետ, ֆրանսիացի և ֆրանսահայ գործարարների, որովհետև գիտի, որ իր հեղափոխությունը կարող է էլ ավելի կարևորություն ունենալ, եթե տնտեսական արձագանքները արձանագրվեն, եթե տնտեսական զարգացումներն իրականացվեն, այսինքն՝ ցույց տալու, որ տեսեք ժողովուրդ, ես եկա, և ահա, տնտեսական վիճակը փոխվել է և բարելավվել է, այսինքն՝ ավելի լավ է, քան նախորդ իշխանությունների ժամանակ։
-Ի վերջո, ի՞նչ եք կարծում, արդյոք այս հեղափոխությունը հասնելու է հայկական Սփյուռքին, թե՞ ոչ։
-Այստեղ հակասություն կա։ Առաջին հերթին, մի կողմում կա իրականություն, որ մենք ֆրանսիացի ենք և մենք պատկանում ենք ֆրանսիական հասարակությանը, և եթե ֆրանսիացի հասարակությունը հանգիստ հասարակություն է, այդ ժամանակ պետք չէ սպասել թավշյա հեղափոխության, բայց մյուս կողմից՝ կան մտահոգություններ և կան բացառիկ երևույթներ, որ, այո՛, կան մարդիկ, շարժումներ, կա մտածելակերպ, որ պետք է փոխվի իրավիճակը։ Այսինքն՝ թավշյա հեղափոխությունը մեջտեղ եկավ ցույց տալու համար, որ ավանդական սիստեմը վերջացած է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և հիմա հարց է, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պետք է իր քաղաքականությունը Սփյուռքի մասով նույնը անի, այսինքն՝ ավանդական կուսակցությունների վրա հենվելով, թե՞ պետք է փոխի իր կեցվածքը՝ ասելով, որ այո, կան կազմակերպություններ, բայց կան նաև անհատներ, և ինքը արդյո՞ք իր քաղաքականությունը ավելի ընդլայնի, թե՞ ոչ։
-Պարոն Մինասյան, Ռոբերտ Քոչարյանը չի դադարում հարցազրույց տալ և արդեն սպառնալիքների լեզվով է խոսում, դեռ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ նա բռնապետ է և այլն։ Առհասարակ, նա կարո՞ղ է ակնկալել որևէ աջակցություն ներսում և դրսում, թե՞ ոչ։
-Նախորդ իշխանությունները փորձում են փոքր քարերը դնել Նիկոլ Փաշինյանի կոշիկի մեջ, և, օրինակ, մեկ քարն էլ Ռոբերտ Քոչարյանն է։ Այսօրվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին արթնացրեց։ Նա մեռած մեկն էր, որին արթնացրին, որ նա մտնի Նիկոլ Փաշինյանի կոշիկի մեջ։ Նա փորձում է հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրել, ասել՝ քանի որ հիմա վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, մտահոգվելու շրջան ենք ապրում։ Նայեք՝ ինչ պետք է լինի Երևանի ավագանու ընտրություններից հետո, թե ինչ արդյունք կունենանք, և հետո Ռոբերտ Քոչարյանը որպես գործիք է օգտագործվում, ինչն ուղղակի ամոթ է, քանի որ, ի վերջո, ՀՀ նախագահ է եղել, բայց ինքն ընդունեց, որ որպես գործիք է ուրիշների ձեռքի մեջ։ Ուզում եմ ասել, որ նախ պետք է ճշտենք ընտրությունների արդյունքը, հետո Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցնի, և ապա ամբողջ քաղաքական կյանքը պետք է փոխվի, շատ զարգացումներ են լինելու։ Այս ընտրություններից հետո շատ բան պետք է զարգանա, աշխուժություն մտնի և նոր զարգացումներ պետք է լինեն։ Վստահաբար, Նիկոլ Փաշինյանն այնպիսի իրավիճակ պետք է ստեղծի, որպեսզի սկսի արտահերթ ընտրությունների պրոցեսը։








































