Ամերիկացի նախկին կոնգրեսական Ռոսկո Բարտլետը՝ Մերիլենդ նահանգից, ով անցյալ տարի կորցրել է տեղը Ներկայացուցիչների պալատում, հաստատվել է Արևմտյան Վիրջինիայի լեռներում: Նա կարծում է, որ այնտեղ հաստատվելով՝ ինքը կարող է փրկվել հնարավոր բնական աղետներից և միջուկային ապոկալիպսիսից: Այս մասին հայտնում է վաշինգտոնյան Politico պարբերականը:
87-ամյա հանրապետականը երկու տասնամյակ համարվել է Կոնգրեսի ամենապահպանողական անդամներից մեկը, հարել լիբերտարիանական հայացքների և հանդես եկել դաշնային կառավարության լիազորությունների կրճատման օգտին: Նա հայտնի է ԱՄՆ էլեկտրացանցի սպառնալիքների մասին հրապարակային հայտարարություններով:
Այժմ նախկին կոնգրեսականն ապրում է ավելի քան 60 հեկտար տարածքում, կառուցել է 5 փայտե տուն և կառուցում է 6-րդը: Նա կարծում է, որ որևէ աղետի դեպքում կկարողանա իր մոտ տեղավորել իր 10 երեխաներին ու նրանց ընտանիքներին: Նախկին կոնգրեսականը հպարտանում է, որ էլեկտրացանցի կարիք չունի, կիրառում է արևային մարտկոցներ, ստեղծել է բիոզուգարան, կառուցել ալրաղաց, բանջարանոց և խնձորի այգի: Նա արթնանում է վաղ առավոտյան և աշխատում 10-12 ժամ:









































