ԱՄՆ-ը կընդլայնի Իրաքում ռազմական մատակարարումները «Ալ-Քաիդայի» և նրա դաշնակիցների դեմ պայքարելու նպատակով, ինչը կազմում է ապստամբական խմբավորումները միմյանցից մեկուսացնելու ծրագրի մաս: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին, ԱՄՆ-ը կապահովի Hellfire հրթիռների հավելյալ մատակարարումներն արդեն այս ամռանը: Բացի այդ, ԱՄՆ-ն Իրաքի կառավարությանն առաջիկա շաբաթներին կտրամադրի ScanEagle մոդելի տեսահսկման 10 անօդաչու սարքեր, իսկ տարվա ընթացքում՝ Raven մոդելի 48 անօդաչուներ:
Ավելի վաղ ոչ պաշտոնապես հաղորդվել է, որ 75 «օդ-մակերևույթ» Hellfire հրթիռները Իրաքը ստացել է դեկտեմբերի 19-ին, և ապագայում սպասվում են նոր մատակարարումներ: Հաստատվել է, որ այդ հրթիռները կիրառվել են իրաքյան 4 King Air օդանավերում՝ Սիրիային սահմանակից արևմտյան անապատում զանգվածային օպերացիայի ժամանակ:
Իրաքյան կառավարության հիմնական թիրախը ներկայում «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորումն է, որը կտտանքներ ու զանգվածային սպանություններ է իրագործում ինչպես քաղաքական դրդապատճառներով, այնպես էլ իսլամի դեմ հանցագործությունների համար, ինչպիսին է, օրինակ, ծխելը:







































