Պաշտոնական այցով այսօր Երևան ժամանած Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բանակցություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ բավական հավակնոտ խնդիրներ են ձևակերպել։ «Այսօր մենք շատ կարևոր խոսակցություն ունեցանք: Բանակցությունների ընթացքում մեր հետագա հարաբերությունների զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք: Իհարկե, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, և մենք խնդիր ունենք, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին, և այն էմոցիոնալ մակարդակին, որը գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը․ կոնկրետ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի մակարդակի: Եվ սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ մենք բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը»,- համատեղ մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեի դիտարկմամբ՝ Հայաստանն ու Վրաստանը համագործակցությունը սերտացնելու մեծ ներուժ ունեն։ «Հիմա այդ հարաբերությունները կարգավորելու և կայունացնելու մեծ հնարավորություններ կան։ Դուք նոր վարչապետ ունեք, մենք՝ նույնպես։ Երկուսն էլ չեն կրում նախկին գործունեության պատասխանատվություն ու կարող են նոր, մաքուր էջից հարաբերություններ սկսել։ Դա դիվանագիտության մեջ մեծ բան է նշանակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ցինցաձեն շարունակում է. «Երկկողմ հարաբերությունները նախկինում շատ պրագմատիկ էին, բայց ես շատ ավելի կողմնակից եմ նեղ ու ջերմ հարաբերություններին։ Իսկ դրա համար այժմ շատ լավ եղանակ է»։
Սոսո Ցինցաձեն չի կարծում, թե արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշում ունենալը կարող է խանգարել երկկողմ հարաբերություններին. «Ցանկության դեպքում ամեն ինչ կարող է ազդել։ Նախկինում բացակայում էր քաղաքական կամքը, դժվարանում եմ ասել, որ կողմից՝ մեր, թե ձեր։ Բայց ամեն դեպքում, նախկինում զգացվում էր քաղաքական կամքի դեֆիցիտը։ Ձեր նախկին նախագահը ավելի շատ ռուսամետ էր, քան հայամետ։ Բայց հիմա նոր վարչապետը նոր դեմք, նոր կերպար է, իր մոտ այլ պատկերացումներ կան կյանքի, քաղաքականության, հարևանների հետ համագործակցության հետ կապված։ Հարևանները միշտ հարևան են մնում, լավ հարևանը վատ բարեկամից լավ է։ Ուստի հիմա նոր վարչապետներ ունենք, ու խաղաքարտերն իրենց ձեռքում է»։

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական համարելով Բախտաձեի այցը Երևան, նշեց. «Միանգամայն բնական է, որ նման այց է տեղի ունենում՝ և՛ ձեր վարչապետն է նոր, և՛ մերը։ Փաշինյանը, այո, եղել է Վրաստանում, բայց այն ժամանակ վարչապետն ուրիշ էր։ Ես համոզված եմ, որ Վրաստանի նոր վարչապետն էլ ծանոթ է Փաշինյանի հետ և իրենք ընդհանուր լեզու կգտնեն։ Բայց եթե խոսենք ընդհանուր այցի մասին, ապա ես չեմ սպասում կտրուկ առաջընթաց, օրինակ՝ սահմանների ճշգրտում։ Բայց, օրինակ, այնպիսի հարց, ինչպիսին է առևտրաշրջանառությունը, դրա մեծացումը, ապա դա միանգամայն հնարավոր և անհրաժեշտ է»։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ երկու երկրներն ունեն տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշում, և այդ փաստը խանգարում է հարաբերությունների սերտացմանը, Գելա Վասաձեն պատասխանեց. «Դա կայացած փաստ է, իհարկե վատ է, որ Հայաստանն ու Վրաստանը չեն կարող մասնակցել նույն ինտեգրացիոն նախագծերին, բայց ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա չեմ կարծում, թե այդ հարցը կոնկրետ որևէ նշանակություն կարող է ունենալ»։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չի կարծում, թե անձերի փոփոխությունը երկկողմ հարաբերություններում կարող է որոշիչ գործոն լինել. «Որովհետև կան որոշակի օբյեկտիվ հանգամանքներ, որոնք ստիպում են մեզ լինել միասին կամ խանգարում են դրան։ Կոնկրետ անձը որևէ բան չի կարող փոխել։ Համագործակցության աստիճանը կարող է լինել ավելի շատ, ավելի քիչ, կամ մի քիչ շատ, մի քիչ քիչ։ Ամեն դեպքում, երկկողմ հարաբերություններում ես կտրուկ առաջընթաց չեմ ակնկալում տարբեր աշխարհաքաղաքական մոտեցումների պատճառով»։
Վրաց քաղաքագետը շեշտում է՝ Մոսկվայի ազդեցությունը Հայաստանում օբյեկտիվ է. «Ես չէի ասի՝ Մոսկվան խանգարում է, էլեմենտար բան է՝ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, Վրաստանը հսկայական համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ, ես դրանք կհամարեի ոչ թե ազդեցություն, այլ քաղաքական կուրս»։









































