Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար 2013-ը և՛ կորուստների, և՛ ձեռքբերումների տարի է եղել:
«Ես օձի տարում եմ ծնվել, և տարին իմ տարին էր: Ընդհանուր առմամբ գոհ եմ տարուց, քանի որ ես ձեռք բերեցի փոքրիկ և մեծ անձնական երջանիկ պահեր, ապրեցի այդ պահերը»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ որևէ առանձնահատուկ բան չկատարվեց այս տարի, բայց ընտանիքով երջանիկ պահեր են ստեղծել:
«Ունեցա գործնական ակտիվ տարի, նկարահանվեցի երկու գեղարվեստական ֆիլմում, մեկը հայ-ռուսական համատեղ արտադրության՝ «Հանի մանի» ֆիլմն էր, մյուսը տեղական արտադրության՝ Հրաչ Քեշիշյանի ֆիլմն էր, որի աշխատանքային վերնագիրը «Ամերիկանկա» է: Այն դեռ մոնտաժային աշխատանքների փուլում է, և հավանաբար մայիսին կբարձրանա մեծ էկրան:
Դերասանուհին երկու նոր դերակատարում էլ ունեցել է Դրամատիկական թատրոնում:
«Ցավոք, տարին եղավ նաև կորուստներով տարի, այս տարի դերասանների համար ծանր տարի էր, որովհետև Վլադիմիր Աբաջյան, Սոս Սարգսյան, Երվանդ Ենգիբարյան, Մարկ Սաղաթելյան… մեր լավ ընկերներն ու գործընկերներն այլևս մեզ հետ չեն»,- ասաց Լուիզա Ղամբարյանը:
Իսկ թե ինչ է ուզել Ձմեռ պապից, դերասանուհին նշեց, որ ուզում է Ձմեռ պապը ի կատար ածի բոլորիս երազանքները. «Ես ամենաշատը ուզում եմ խաղաղություն մեր երկրում, որովհետև դրանից կախված է միլիոնավոր երազանքների, ծրագրերի իրականացումը, ընտանիքներին համալրում, առողջ և լավ զինվորներով ու հայ գեղեցկուհիներով շատանա այս տարին, թող մայրանան հայ կանայք: Ակնկալում եմ, որ տարին կլինի հաջողություններով և սիրո մեջ թաթախված տարի, թող սիրո և հանդուրժողականության տարի լինի»,- ասաց դերասանուհին՝ հավելելով՝ բարեմաղթանքները, որոնք արդեն սկսվել են և մինչև հունվարի 13-ը մարդկանց բաժակաճառերի ուղեկիցը կլինեն, մարդիկ դրանք ամբողջ տարի հիշեն և ապրեն այդպես, որ խոսքերը լինեն ապրելակերպ, որ դա չլինի միայն գինովցածության հետևանք, և որ ամենակարևորն է՝ մարդիկ թող մարդկանց նկատմամբ մարդ լինեն:







































