«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ հետհեղափոխական իշխանությունը կենտրոնացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա և մյուս ուղղություններով աշխատանքներ իրականացնելու համար դեռևս կարծես թե ժամանակ և էներգիա չկա, նշեց. «Մյուս կարևոր աշխարհագրական կենտրոնները առայժմ հարցադրումներ չեն անում Հայաստանին, սպասում են, թե երբ եղած պայմանավորվածությունների վերաբերյալ պատրաստակամություն կհայտնի: Օրինակ՝ եթե ԵՄ հետ երկկողմանի համաձայնագրի մասին խոսենք՝ կա հստակ բովանդակություն, կա օրակարգ, և սպասում են, թե երբ Հայաստանը պատրաստ կլինի այդ օրակարգով սկսել համագործակցություն:
Իսկ Ռուսաստանի կողմից համարյա ամեն օր առիթներ են ստեղծվում՝ ինչ-որ հարցերի պատասխանելու, կողմնորոշվելու, թե հետագայում ինչպես են պատրաստվում զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, այսինքն՝ անընդհատ մարտահրավերներ են նետվում: Ես ենթադրում եմ, որ քանի որ ԵՄ-ն չի շտապեցնում Հայաստանին, սպասում է, Հայաստանի համար էլ դա հրատապ հարց չի թվում, չնայած իմ կարծիքով՝ հրատապ է, որովհետև Եմ հետ համագործակցության ծրագրերը դառնալու են Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու օրակարգ: Իսկ Միացյալ Նահանգների հետ հետագա հարաբերությունների ձևավորումը, կարծում եմ, հետաձգվել է մինչև ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստը և հանդիպումը Թրամփի հետ:
Ռուսաստանի դեպքում առիթներ են ստեղծվում՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, պլանավորելու առաջիկա հանդիպումը Պուտինի հետ: Վերլուծությունները բավական շատ են: Ռուսաստանը մտահոգված է այն կառույցների հեղինակությամբ, որին անդամակցում է Հայաստանը, խոսքը ՀԱՊԿ-ի մասին է…»:
Բ. Նավասարդյանի խոսքով՝ Ռուսաստանից դժգոհությունների հոսքը կապված է հայ-ռուսական հարաբերություններում առկա անորոշությունների հետ: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ են բանակցություններ, երկխոսություն, սակայն Ռուսաստանի իշխանությունը ցանկանում է գործընկերոջը հնրավորինս անհարմար վիճակի մեջ գցել՝ զարգացնելով մեղավորության զգացում:
«Մոսկվան մտադիր է Հայաստանի առաջ դնել լուրջ հարցեր. միակ խաղաքարտը Փաշինյանի հեղափոխական դուխն է»,- ընդգծեց Բ. Նավասարդյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































