Քանդակագործ Վիգեն Ավետիսը 2013-ի կարևոր «ձեռքբերումը» համարում է Սամվել Ալեքսանյանի Ծածկած շուկան. «Նա ձեռք բերեց Փակ շուկան, ավելի ճիշտ` Ծածկած շուկան, որը ինքը անվանեց «Փակ շուկա», սա ՀՀ ամենամեծ «ձեռքբերումն» էր»:
Քանդակագործը մաղթեց, որ 2014-ին Երևանի քաղաքապետարանը և Մշակույթի նախարարությունը կարողանան դատի տալ Սամվել Ալեքսանյանին և հետ վերցնել մշակութային արժեքը:
«Քաղաքային և մշակութային ոչ մի կառույց, ոչ մի ուժ չի կարողանում մեկ օլիգարխի վրա, հետևաբար ի՞նչ պետության մասին է խոսքը…»,- ասաց նա:
Նա համեմատեց Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը Ծածկած շուկայի պաշտպանության հետ: Սա, ըստ Վիգեն Ավետիսի, շուկայի շարունակությունն է, որտեղ ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի՝ կանգնած են անգիտակից մարդիկ, այնտեղ էլ՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի են կանգնած:
«Սամվելալեքսանյանները և ռուբենհայրապետյանները վաղը չեն լինի, բայց հիմա նոր սերունդ է եկել, որն ավելի վտանգավոր է: Դրանք երիտօլիգարխներն են: Գալուստսահակյաններին, Սերժ Սարգսյանին և մյուսներին նայելիս զգացվում է, որ նրանց հայրերը հողագործներ են եղել, և դա լավ է, մինչդեռ երիտօլիգարխները սա էլ են մոռանալու»,- ասաց նա:







































