Հյուսիսային Կորեայի իշխանությունները մերժել են Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ ԱՄՆ-ի բոլոր առաջարկությունները։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային վերջնական առաջարկություն է արել՝ միջուկային զինաթափման ավարտի հետ կապված։ Սակայն Փհենյանում այս առումով ԱՄՆ-ի բոլոր առաջարկությունները «հանցագործ» են անվանել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ ոչ մի հստակ խոստում չի տրվել, ինչն այժմ երկու կողմերին թույլ է տալիս բանավոր համաձայնությունն իր օգտին ձևակերպել։
Մասնավորապես՝ Փհենյանը հրթիռների փորձարկումը դադարեցնելը և ամերիկացի զինծառայողների մնացորդներն ԱՄՆ-ին վերադարձնելն իր կողմից բարի կամք է համարում։ Այժմ Հյուսիսային Կորեան պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է չեղարկի երկրի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև հաշտության պայմանագիր ստորագրի։










































