Ստորջրյա գանձեր որոնող 55-ամյա Դարել Միքլոսը պնդում է, որ Բերմուդյան եռանկյունում անհայտ նավ է գտել: Դարելը խորտակված նավեր է փնտրել NASA-ի տիեզերագնաց Գորդոն Կուպերի քարտեզի համաձայն, որը կազմվել է 1960-ականներին՝ հիմնվելով Կարիբյան ծովում մագնիսական անոմալիաների վրա:
Դարելը սկսել է մանրամասն ուսումնասիրել Կուպերի քարտեզները և պարզել է, որ տիեզերագնացը գրել է ոչ թե նավերի, այլ «անորոշ առարկաների» մասին: Կուպերը հաճախ է պատմել ՉԹՕ-ների մասին, համարել է, որ շատ տեխնոլոգիաներ կառավարությունը ստացել է այլ մոլորակներից:

«Մենք աշխատում էինք Բահամներում՝ խորտակված նավերի տարածքում: Բայց այն, ինչ ես տեսա, ցնցեց ինձ: Գոյացությունը ամենամեծ բանն էր, որ ես տեսել էի բնության մեջ: Խորտակված նավի մաս լինելու համար այն չափազանց մեծ էր: Դա նման չէ բնական գոյացության կամ ձեռակերտ սարքավորման»,- ասել է Միքլոսը:

Միքլոսը պնդում է, որ Կուպերը մահից առաջ՝ 2004թ., իրեն է փոխանցել այդ քարտեզները, որոնց շնորհիվ ինքը միլիոն դոլար արժողությամբ խորտակված նավեր է գտել:








































