Ձեռագրերը, որոնց հեղինակն ամենայն հավանականությամբ ֆրանսիացի փիլիսոփա Ժան–Ժակ Ռուսոն է, հայտնաբերվել են Պետերբուրգի մերձակայքում՝ բնակելի տան նկուղում։
Գտածոյի մասին իր Facebook-ում գրել է Գատչինայի բնակիչ Ալեքսեյ Բելյաևը։ Նրա խոսքերով՝ նրան մի տղամարդ է դիմել, ով առաջարկել է ձեռք բերել հայտնաբերված նամակները։ Բելյաևը ծանոթացել է դրանց բովանդակության հետ, սակայն երբ նորից է կապվել վաճառողի հետ, նա հաղորդել է, որ ձեռագրերն ուրիշ կոլեկցիոներ է ձեռք բերել։
Նամակների իսկությունը այս պահին հաստատված չէ, սակայն դրանց բովանդակությունը լույս է սփռում Ռուսոյի կենսագրության վրա։

«Մենք պարզեցինք, որ ձեռագրի առաջին էջում խոսվում է այն մասին, որ կոմս Օռլովը հրավիրել է հեղինակին Գատչինա։ Ամսաթիվը պարզ չէ»,– գրել է Բելյաևը։
Ավելի վաղ կարծիք կար, որ Ռուսաստան գալու՝ Օռլովի հրավերին ֆրանսիացի փիլիսոփան մերժումով է պատասխանել։ Եթե նամակների իսկությունը հաստատվի, դա ապացույց կհանդիսանա, որ Ֆրանսիացի փիլիսոփան Ռուսաստան գաղտնի է այցելել։










































