Նորքի զինված խմբի գործով անցնող մեղադրյալ, օրերս պատգամավորներ Ալիկ Սարգսյանի և Ֆելիքս Ցոլակյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Գառնիկ Մարգարյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին։
Մարգարյանն նշում է՝ խմբից ճանաչում է միայն Արթուր Վարդանյանին, նրա հետ մի քանի անգամ հանդիպել է, զրուցել են Արցախի և Քեսաբի վերաբերյալ, «Մոսկվա» կինոթատրոնի սրճարանում։ Գառնիկ Մարգարյանն իր դեմ հարուցված քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում. «Ես քաղբանտարկյալ էի, իմ դեմ շինծու գործ է հարուցվել Բաղրամյան 26-ի նախկին ղեկավարի, ԱԱԾ-ի՝ արդեն հողի տակ գտնվող ղեկավարի պատվերով»։
Մեր զրուցակիցը շարունակում է. «Եթե չլիներ հեղափոխությունը՝ առանց դատի, դատաստանի, առանց այն փաստի, որ մասնակցություն չեմ ունեցել, դեռ շատ երկար տարիներ գտնվելու էի այդ զնդանում․ ես երախտապարտ եմ Նիկոլին և մյուսներին»։
Միևնույն ժամանակ Գառնիկ Մարգարյանը շեշտում է՝ իր համար անընդունելի է զենքով պայքարի մեթոդը։ «Դա չարիք է։ Նրանք, ովքեր փորձել են՝ խոսակցություն, առաջարկ և այլն, ասել եմ, որ դա անթույլատրելի է։ Պառլամենտ գնդակարահելու փաստը գրված է մեր ճակատին, մեզ դա ակնարկելու ու հիշեցնելու են, մեզ Մարտի մեկ են հիշեցնելու։ Ես չեմ ընդունում այդ մեթոդը»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։







































