«Սպայկա» ընկերությունում խուզարկությունները պայմանավորված են նրանով, որ հնարավոր չարաշահումների վերաբերյալ կասկածներ կան: «Սպայկան» մոնոպոլ դիրք էր գրավել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը:
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը հավելեց, որ մենաշնորհը տնտեսության վրա ունի բացասական ազդեցություն: «Կառավարությունը որդեգրել է բաց քաղաքականություն, այսինքն՝ չեն կարող լինել արհեստական մենաշնորհներ, որոնք տնտեսության կործանարար երևույթներ են ստեղծում: Այլևս չկան այն երևույթները, որոնք ծնում են մենաշնորհ»,- նշեց փոխնախարարը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ մինչ այժմ ՓՄՁ-ները միշտ կուլ են գնացել խոշորներին՝ Ս. Գրիգորյանը նշեց, որ նախկինում երկիրը բռնել էր խոշորին պաշտպանելու ուղղություն, բայց այժմ արդեն հայտնվել են մանր ներկրողներ և անարգել ներկրում են՝ ինչ ուզում են:
Գրիգորյանը նշեց, որ ներդրողներ են եղել, որոնք կորցրել են իրենց գումարները, դատական համակարգի հետ խնդիրներ են ունեցել և թողել հեռացել են Հայաստանից, այդ պատճառով նոր ներդրողները կարող էին մուտք չգործել Հայաստան: «Հիմա արդեն նոր կառավարությունը ձգտում է նրան,որ փոխի դրությունը և ներդրողները փորձեն գալ այստեղ, բայց դրա համար դեռ շատ քայլեր կան անելու: Ներդրողը քաղաքական իրավիճակի փոփոխության համար ներդրում չի անում, այլ շահույթ է հետապնդում: Պետք է նախ զարգացնենք տեղական փոքր բիզնեսը»:
Փոխնախարարի խոսքով՝ նախկինում ներդրողներն ունեին մտավախություններ և խուսափում էին ՀՀ-ում ներդրումներ իրականացնելուց: Նա նաև հավելեց, որ նախարարությունը մշակել է Օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին օրենք. «Հիմնական գաղափարախոսությունն այն է, որ օտարերկրյա ներդրողին երաշխավորում ենք, որ վեճ առաջանալու պարագայում կարող է դիմել օտարերկրյա դատարաններ և միջազգային ատյաններում պաշտպանել իր իրավունքները»:
Մանրմասն՝ տեսանյութում:









































