Թուրքագետ, «Ակոս» ամսագրի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանի կարծիքով` Թուրքիայի մեջլիսում երկու հայ պատգամավոր ունենալու հանգամանքը Թուրքիայում բնակվող հայերի կյանքում մեծ փոփոխություն չի կարող մտցնել: Այս մասին Տիրան Լոքմագյոզյանն ասաց հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Դա Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում Էրդողանի շահել-չշահելով կամ այլ մարդու խորհրդարան մուտք գործելով պայմանավորված չէ: Անգամ եթե քրդամետ կուսակցությունը գար իշխանության, հիմանականում բան չէր փոխվի»,- շեշտեց նա:
Նրա խոսքով՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Գարո Փալյանն իր ելույթներով սիրվում է հայ համայնքի կողմից, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը` ոչ: «Ամեն դեպքում մեջլիսում երկու հայ պատգամավոր ունենալը մեզ համար կարող է առավելություն լինել»,- ասաց թուրքագետը:










































