«Գրականությունը համարում եմ իմ կյանքի հիմնական առանցքը, որովհետև բավականին ծույլ եմ նույն ընդգրկումով կյանքն իրականում ապրելու համար, այսինքն՝ գրականությունը մեծ ընդգրկում ունի, բայց նստակյաց գործունեություն է ենթադրում»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց գրող Կարեն Անտաշյանը: – Ինձ համար բանաստեղծություն գրելը բոլոր հոգսերը սուբլիմացնելու ձև էր, հետո դարձավ կենսակերպ»:
«Կա դավադիր վիճակագրություն, ըստ որի՝ բանաստեղծությունը նահանջում է, իր դիրքերը զիջում է, վեպը առաջնային դիրքերում է ամբողջ աշխարհում»,- նշեց գրողը՝ հավելելով, որ Հայաստանում հակառակը՝ բանաստեղծներն ավելի շատ են և ավելի ճանաչված, բայց մենք չունենք գրական շուկա: Գրողի խոսքով՝ այսօր գրականությունը կղզիացած է:
Նրա դիտարկմամբ՝ այն ինչ տեղի է ունենում իրականում, սկզբից կատարվում է գրականության մեջ: «Կարծես երկիրը պատրաստում է վերածնունդին: Ունենք գործեր, որ այսօր քննարկվում են, մեր ժամանակակից գրականության մեջ արդեն ներկայացվել է. այս հեղափոխության, ազատության «թուղթուգիրն» այնտեղ կա»:
«Հեղափոխությունից առաջ՝ գաղջի ժամանակաշրջանում, համընդհանուր ծուլության սինդրոմ կար, քանի որ ցանկացած ձեռնարկ դատապարտված էր ձախողման, եթե չունեիր «դաբրո»,- նշեց գրողը: – Իսկ Նիկոլի թիվը ցույց տվեց, որ մեր ժողովրդի մեջ կենսական էներգիա կա ամբարված, հուժկու ուժ կա քնած, որը, վստահ եմ, կպոռթկա, և շատ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































