Ֆրանսիայում երկաթուղայինների արհմիությունները համազգային գործադուլ են հայտարարել: Աշխատողները դժգոհում են Երկաթուղային ազգային ընկերությունում բարեփոխումներ անցկացնելու կառավարության ծրագրերից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Արհմիությունները կարծում են, որ փոփոխությունները կհանգեցնեն աշխատանքի ակտիվացման, կվատացնեն աշխատանքային պայմանները, ինչը կարող է բացասաբար ազդել ուղևորափոխադրումների անվտանգության մակարդակի վրա: Նրանք պահանջում են նաև աշխատավարձերի բարձրացում:
Սա երկաթուղայինների այս տարվա արդեն երկրորդ համազգային բողոքն է. առաջին մասշտաբային ակցիան անցկացվել է հունիսին:
Գիշերվանից սկսված գործադուլը կշարունակվի մինչև ուրբաթ առավոտ: Գործադուլի հետևանքով առավելապես տուժել են արվարձանային գնացքները: Երկաթուղային փոխադրումների ազգային համակարգի բարեփոխման մասին օրինագիծը խորհրդարանի կողմից կքննարկվի 2014-ի գարնանը:









































