ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն Ուկրաինայի իշխանություններին առավելագույն զսպվածության կոչ է արել Կիևում «Բատկիվշչինա»-ի գրասենյակը գրոհելու հաղորդագրությունների ֆոնին և նախազգուշացրել, որ այդ իրադարձությունները կարող են խափանել բանակցային գործընթացը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Էշթոնի հայտարարությանը:
Ավելի վաղ «Բատկիվշչինա» կուսակցությունը հայտարարել էր, որ ուժայինները ներխուժել են կուսակցության գրասենյակ ու երկու սերվեր տարել:
«Կիև իմ այցի նախօրեին ես անհանգստությամբ եմ հետևում հաղորդագրություններին առ այն, որ ոստիկաններն ուժով ներթափանցել են խոշորագույն ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակ: Այդ իրադարձություները լրջորեն սպառնում են գործընթացի խափանմամբ: Ես ուկրաինական իշխանություններին կոչ եմ անում առավելագույն զսպվածություն դրսևորել և զերծ մնալ ուժի հետագա կիրառումից»,- ասվում է հայտարարության մեջ:










































