Երեկ տեղացած առատ ձյան պատճառով Երևանում ներքաղաքային տրանպորտի վիճակը կտրուկ վատացավ: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, մի քանի գծեր չեն աշխատել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, «քանի որ ասֆալտը սև է, եղած ձյունը մաքրել են, մեքենաները հնարավոր է վարել: Վարորդների մի մասն աշխատել է, դեռ վտանգավոր չէ, բայց եթե ասֆալտը չմաքրվի, նորից ձյուն գա, կաթվածահար կլինի տրանսպորտը»:
Նա նշեց, որ գումարի պատճառով չեն կարողացել մեքենաների անվադողերը փոխել ձվեռայինի՝ անգամ տեղացած առատ ձյան պայմաններում: Միակ հուսը, ըստ նրա, դեկտեմբերի վերջին քաղաքապետարանում կայանալիք նիստն է, որի արդյունքում կվճռվի ուղեվարձի սակագինը: «Հույս ունենք դեռ, որ նորմալ որոշում կկայացվի: Հենց այս պահին երկու գիծ սպասում է, որ աշխատանքը դադարեցնի: Իմ ընտանիքի վեց անդամից հինգը օգտվում է տրասպորտից, բայց երբ արժեքը որոշվի, պետք է վճարել այնքան, որքան որոշել է քաղաքապետարանը»,- ասաց նա:
Մեր այն հանցին, թե կարծիք կա, որ փոխադրող ընկերությունների միությունը համագործակցում է քաղաքապետարանի հետ՝ տրանսպորտի սակագինը բարձրացնելու հարցում, նա պատասխանեց, որ իրենք պետք է համագործակցեն, որովհետև իրենց խնդիրները կապված են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ, իսկ եթե լիներ այլ համագործակցությունը, հանձնաժողովն ընդամենը երկու նիստ գումարած չէր լինի հինգ ամսվա ընթացքում, արագ-արագ կլուծվեր հարցը, նոր գին կսահմանվեր: «Հունվարը մեզ համար մեռած ամիս է, այս ամսին թանկացումը ոչ մի արդյունք չի տա: Ուղեվարձի բարձրացումը գոնե նոյեմբերին պիտի լիներ, մարդիկ որոշ գումարներ կկուտակեին, իսկ հիմա հա՛մ ուղևորն է տուժում, հա՛մ փոխադրողը»,- կարծիք հայտնեց բանախոսը:
Նրա հավաստմամբ՝ իրենք ուղևորների պես ակցիայի դուրս չեն գալիս, որովհետև գիտեն՝ քաղաքը կաթվածահար կլինի. «Միայն ուղևորի ակցիան չէ, փոխադրողներն էլ ակցիա ունեն, որ չեն անում՝ մարդկային որոշ հատկանշներից ելնելով: Բայց եթե տեղը հասավ, այդ քայլին էլ կդիմենք: Ամբողջ քաղաքը կաթվածահար կլինի, հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ են խաղում մի քանի բախտախնդիր մարդիկ»:







































