ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 29-ին ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների առավել ամրապնդումը` բարձր գնահատելով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տոյվո Կլաարը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով համատեղ քայլերով Հայաստանի հետ կապերն առավել ամրապնդելու Եվրամիության պատրաստակամությունը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին՝ երկուստեք նշելով, որ համաձայնագիրը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և լավ հիմք է հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու համար:
Հանդիպման օրակարգում էին նաև ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը և գործողությունների ծրագրի մեկնարկին առնչվող հարցերը: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ, մտքեր փոխանակեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։







































