Երեկ իր ֆեյսբուքյան էջում արտառոց գրառում էր կատարել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Վերջինիս գրառումն աննախադեպ էր` թե բովանդակության և թե ձևի առումով:
Բագրատյանը տեղադրել էր ավտոմատով, զինվորական հագուստով իր լուսանկարը և գրել էր. «Արենի գյուղի սահմանի առաջնագծում ազերիները դիրքավորվել են վտանգավոր հենակետում։ Ուսումնասիրելով ազերիների այս պահի տեղակայումը՝ իմ մտահոգությունն եմ փոխանցում պատկան մարմիններին»:
Առնվազն տարակուսելի է պատգամավորի այս «ջրիկությունը»: Պատգամավորը, եթե պաշտպանության կամ անվտանգության հետ կապված մտահոգություն է ունենում, ապա դրա մասին ոչ թե հրապարակայնացնում է` իրեն «հերոսացնելով» ու հասարակության մեջ խուճապ ծնելով, այլ համապատասխան խողովակներով այդ մասին տեղյակ է պահում ՊՆ-ին: Բագրատյանի պարագայում դա անելը որևէ բարդություն չէր կարող առաջացնել, որովհետև նրա կուսակցությունը այս պահին պատկառելի ներկայություն ունի կառավարությունում:
Մյուս կողմից` ՊՆ-ն, վստահ ենք, ամբողջովին վերահսկում է սահմանային օպերատիվ իրավիճակը և, մեղմ ասած, նման սիրողական հուշարարության կարիք հաստատապես չունի: Պատահական չէ, որ Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը aravot.am-ին ասել է, որ Սերգեյ Բագրատյանի ասածը չի համապատասխանում իրականությանը, և, որ Արենիի բնակչությունն այսօր իր աչքերով է տեսել այդ դիրքերը: Հովհաննիսյանի խոսքի տոկատակն ակնհայտ է. նա ակնարկում է, որ պատգամավորը նույնիսկ Արենիում չի էլ եղել:
Այս պատմության մեջ ամենաքստմնելին այն մոտիվն է, որը Սերգեյ Բագրատյանին ստիպել է` գոնե լուսանկարի մակարդակում ֆիդայի խաղալ:
ԲՀԿ անդամն այս օրերին ամեն կերպ փորձում է շահել Գագիկ Ծառուկյանի սիրտը և նրա քվոտայով դառնալ Տավուշի մարզպետ: Ի դեպ, Բագրատյանը 2010-12թթ-ին արդեն զբաղեցրել է մարզպետի պաշտոնը և հայտնվել է քրեական մի գործի կիզակետում:
ՖԲ-ի երեկվա գրառումը բավարար է, որպեսզի Բագրատյանի թեկնածությունը սկզբունքորեն մերժվի, որովհետև եթե անգամ թավշյա հեղափոխությունից հետո նրա մտքով անցնում է նման էժան հնարքներով, պաշտպանության հարցերի խաղարկումով պաշտոն զբաղեցնել, ապա մնացել է հին Հայաստանում` իր պրիմիտիվ և օլիգարխիկ մտածողությամբ:
Սակայն խնդիրը Սերգեյ Բագրատյանը չէ, ավելի շուտ` միայն նրա անձով չի սահմանափակվում և տարածվում է այն օլիգարխիկ սեգմենտի վրա, որի տիպիկ ներկայացուցիչն է պատգամավորը: ԲՀԿ-ն իրեն ոչ միայն համարում է հեղափոխության շահառուներից մեկը, այլ կուսակցության երկրորդ դեմքի` Նաիրա Զոհրաբյանի մակարդակով հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների արդյունքներով մտադիր է ձևավորել խորհրդարանական մեծամասնություն, այսինքն` նոր կառավարություն: Հիմա պատկերացրեք մի իշխանություն, որը ձևավորված է Սերգեյ Բագրատյանի արժեհամակարգն ու մտածողությունն ունեցող մարդկանցով: Դա կլինի հակահեղափոխության հաղթանակը` ԲՀԿ-ի դեմքով:









































