«Շատ հաճախ զուգահեռներ են անցկացնում առաջին և երրորդ հանրապետության միջև՝ մասնավորապես նկատի ունենալով աշխարհաքաղաքական այն իրողությունները, որոնք կարծես նման են մեծ տերությունների շահերի բախման և Հայաստանը դրանց կենտրոնում հայտնվելու տեսանկյունից։ Բայց իմ խորին համոզմամբ, այստեղ բավականաչափ տարբերություններ կան։ Ոչ միայն մենք են դասեր քաղել պատմությունից, այլ նաև մեր հյուսիսային հարևանը, ռազմավարական դաշնակիցը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը։
Նրա խոսքերով՝ այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունը շատ ավելի բարենպաստ է։ «Իմ կարծիքով՝ միջազգային ասպարեզում Հայաստանի ձայնը շատ ավելի բարենպաստ է։ Վերջին մեկուկես ամսվա փոփոխություններից հետո միջազգային ասպարեզում Հայաստանի ձայնը, շատ ավելի լսելի և ծանրակշիռ դարձնելու իմաստով, ավելի մեծ հնարավորություն է ստացել, որովհետև ժողովրդավար երկրի կարգավիճակը միջազգային ասպարեզում մեզ համար մեծ հեռանկարներ է բացում»,- ասաց նա։
Պատմաբանի դիտարկմամբ՝ հանրապետության երեք նախագահներն էլ գոնե Արցախի հարցում ունեցել են ծանրակշիռ ավանդ, և սա իրողություն է։
«Այսօր պետականությունը ամրապնդելու խնդիրը թիվ մեկ հարցն է մեզ համար»,- ասաց Աշոտ Մելքոնյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































