ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հաղորդում է ուղարկել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ Գյումրու թատերական հրապարակից անհետացած եղևնիների առնչությամբ:
Նա այդ հաղորդումը նախօրոք տեղադրել է նաև ֆեյսբուքյան իր էջում, որտեղ գրում է. «Պարոնայք, Գյումրու թատերական հրապարակում` թատրոնի սանդղաշարին 2013 թ-ի դեկտեմբերի 1-ին տնկված մի քանի ծառեր անհետացել են դեկտեմբերի 4-ին… կարծում եմ` տեղի է ունեցել գողություն»: Նա խնդրում է ՀՀ գործող օրենսդրությամբ հաղորդումն ընդունել ի գիտություն և ձեռնամուխ լինել դրանից բխող գործողություններին՝ հանրությանն իրազեկելով դրանց մասին:
ԳԱԼԱ-ն «կորած» ծառերի առնչությամբ զրուցել է նաև Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հետ: Վերջինս երաշխավորեց, որ գողություն չի եղել, և ինքը տեղյակ է տնկված և հանված եղևնիներից:
-Պարոն Բաբակեխյան, դուք տեղյա՞կ եք, որ եղևնիները անհետացել են Թատերական հրապարակից, ու՞ր են դրանք կորել: Գյումրու ավագանու անդամ Լ. Բարսեղյանը նաև հանցագործության մասին հաղորդում է պատրաստել և ձեզ էլ հավանաբար կուղարկի:
-Գյումրու թատերական հրապարակում գողություն տեղի չի ունեցել, Լևոն Բարսեղյանին ասեք, որ դա ժամանակավոր բերել և հետ են տարել, թող իրանից բաներ չմոգոնի Լևոն Բարսեղյանը:
-Պարոն Բաբակեխյան, այսինքն, եթե ձեզ գրավոր դիմեն, ընթացք չե՞ք տալու…
-Իհարկե` ոչ, որովհետև ես գիտեմ, որ գողություն չի եղել, իրա դիմելով չէ:
-Ի՞նչ է եղել, եթե գողություն չէ, որտե՞ղ են ծառերը:
-Ոչ մի բան չի եղել՝ բերել են ժամանակավոր տեղադրել են, գեղեցկացրել են հրապարակը, հետո հետ են տարել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ԳԱԼԱ-ում










































