ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը դեկտեմբերի 6-ին ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողների խնդրանքով մեկնաբանեց՝ ինչու չի մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնության քվեարկությանը:
«Ես ներկա չեմ եղել ընդամենը քվեարկությանը, որովհետև ընդմիջում տրվեց, ես կարևոր գործով դուրս եկա խորհրդարանից. մենք Ընտրական օրենսգրքի բարեփոխմանն էինք մասնակցում: Եթե մասնակցեինք, քվեարկելու էինք դեմ: Արդեն իսկ հայտարարվեց՝ ինչու: Որովհետև կոալիցիան հանդես եկավ հայտարարությամբ, տարիներ շարունակ քննարկվել է այդ հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ օրենքն ուժի մեջ մտնելով՝ հնարավորություն կստեղծվի առաջիկայում իրոք տարիներ շարունակ քննարկվող ռեֆորմներն իրականություն դարձնել, ականատեսը կլինենք, որ մեր կենսաթոշակառուները ստանան արժանապատիվ կենսաթոշակ:
Ըստ Մարգարյանի՝ փոփոխություններ շատ են լինելու: Արդեն երկու մասնավոր ընկերությունների հարց քննարկվեց: Մրցակցությունը, պատգամավորի կարծիքով, մեծ կլինի, սակայն մինչև օրենքը չգործի, չեն կարող դրանց անդրադառնալ:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































