ԱՄՆ-ի հետ ասոցացված տարածք հանդիսացող Պուերտո Ռիկոյին տնտեսական խնդիրների պատճառով սպառնում է ֆինանսական ճգնաժամ և հնարավոր վերածում «կարիբյան Հունաստանի»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:
Կարիբյան փոքր կղզում իրավիճակի ուսումնասիրման համար ԱՄՆ-ում ստեղծված փորձագիտական հատուկ խմբի տվյալներով՝ Պուերտո Ռիկոյի խնդիրներն առաջացել են վաղուց և հազիվ թե մոտ ժամանակներս լուծվեն:
Telesur հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պուերտո Ռիկոյի պետպարտքը վերջին 10 տարում կրկնակի աճել է՝ հասնելով 65 մլրդ դոարի, ինչը համապատասխանում է այդ տարածքի ՀՆԱ-ի 93 տոկոսին, իսկ 2008 թվականին սկսված տնտեսական ռեցեսիան կշարունակվի նաև 2014-ին: Գործազրկության մակարդակը հոկտեմբերին կազմել է մոտ 15 տոկոս՝ կրկնակի բարձր ԱՄՆ-ի ցուցանիշից:
Փորձագետները նշում են, որ իրավիճակը կղզում ծավալվում է հոռետեսորեն, հատկապես լճացող տնտեսությունից և բոլոր այլ հարակից խնդիրներից բնակչության շարունակվող փախուստի ֆոնին:
Պուերտո Ռիկոյի իշխանությունները դեռևս հերքում են դեֆոլտի հայտարարման հնարավորությունը:







































