2006-2009-ին ԿՀՎ-ի տնօրեն Մայքլ Հայդենը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը Եվրոպայի հետ առճակատման կհանգեցնի։ Այս մասին նա ասել է Spiegel պարբերականին տված հարցազրույցում։
«Առճակատում առաջին հերթին տեղի կունենա ոչ թե Իրանի, այլ Եվրոպայի մեր բարեկամների հետ։ Մենք կբարկացնենք մեր լավագույն բարեկամներին, և միջատլանտյան հարաբերությունների ճգնաժամ տեղի կունենա»,-ասել է Հայդենը։
Նա նշել է, որ «Մեծ Բրիտանիային, Գերմանիային և Ֆրանսիային իր կամքը պարտադրելու կապակցությամբ» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցնծությունը «թանկ կարժենա»։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու և այդ երկրի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին։ Թրամփի կարծիքով՝ Թեհրանը շարունակում է ուրանի հարստացումը, ինչպես նաև միջուկային զենք է մշակում։








































