Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 1in.am կայքէջի և «Ժամանակ» օրաթերթի լրագրող Հրայր Մանուկյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հրայր Մանուկյանն ասաց, որ երեկ, առավոտյան ժամը 10-ին, «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության անդամներով քաղաքապետարան և ոստիկանություն շտապ իրազեկում են ներկայացրել և ստացել ստացական, որ ըստ հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդվածի՝ Ն. Նազարյանը պարտավոր է ապահովել երթի բնականոն ընթացքը և երթի մասնակիցների անվտանգությունը:
«Շատ նորմալ ընդունեցին ոստիկանությունում, ստացական տվեցին, դրանից 40 րոպե անց զանգահարեցին ու ասացին, որ մեր անվտանգության պատասխանատուն ոստիկանության գնդապետ Վարդան Գևորգյանն է, սակայն արդեն Ազատության հրապարակում Օսիպյանն էր եկել, և երբ զանգեցի գնդապետին, նա անջատեց հեռախոսը»,- ասաց Հրայր Մանուկյանը՝ հավելելով, որ խնդիրը վիճարկելու են դատարանում:







































