ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային գործարքից դուրս գալու որոշումից հետո իրանցի քաղաքական գործիչները երկրի խորհրդարանում այրել են ամերիկյան դրոշը և մ Թրամփին «հարցեր լուծելու համար անհրաժեշտ մտավոր կարողություններ չունենալու մեջ» մեղադրել։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Օրենսդիրները, այրելով ԱՄՆ դրոշը և գործարքի խորհրդանշական պատճենը, վանկարկել են «Մա՛հ Ամերիկային», իսկ խորհրդարանական նիստի ընթացքում որոշել են ավելացնել երկրի հրթիռային ծրագրի համար հատկացվող միջոցները:

Հիշեցնենք․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից և կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ:
Թրամփի հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ն անվանել է երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները:
«Այս պահից սկսած իրանական միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը գործում է Իրանի և 5 երկրի միջև»,- ասել է Ռոհանին:

Նա նաև նախազգուշացրել է, որ Իրանը կարող է շաբաթների ընթացքում վերսկսել ուրանի հարստացումն՝ «առանց որևէ սահմանափակումների»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, Twitter-ում հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ափսոսում են ԱՄՆ նախագահի որոշման համար:










































