ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է բժշկական ապահովագրություն ձեռք բերել համացանցում՝ համաձայն առողջապահության բարեփոխումների պահանջի, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:
Նա չի ասել, թե երբ է Օբաման մտադիր գնել ապահովագրությունը: 2011-ից իրականացվող առողջապահական բարեփոխումնեերի համաձայն՝ ամերիկացիների մեծ մասը պետք է ապահովագրություն ձեռք բերեն մինչև հունվարի 1-ը, գրում է vz.ru-ն:
ԱՄՆ կառավարությունը ստեղծել է healthcare.gov բժշկական ապահովագրության կայք-բորսան, որն ուղղված է ապահովագրական ընկերությունների միջև մրցակցությունը խորացնելուն: Սական կայքը սկսել էր խափանումներով աշխատել, և Օբաման անձամբ խոստացել էր հարցը կարգավորել մինչև նոյեմբերի վերջ:
Կայքի խնդիրը դարձել էր ԱՄՆ ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցերից մեկը:
Ինչպես հայտնում է Politico-ն, ապահովագրության գնումը Օբամայի համար կդառնա խորհրդանշական քայլ: ԱՄՆ նախագահը օգտվում է Սպիտակ տան բժիշկների անվճար ծառայություններից:
Առողջապահության բարեփոխումների իրականացումը Օբամայի հիմնական նախաձեռնությունն է, որը հայտնի է Obamacare ոչ պաշտոնական անունով: Նախաձեռնությունը կոչված է առավելագույնս կրճատելու բժշկական ապահովագրություն չունեցող ամերիկացիների թիվը:










































