Բջջային սարքերի կանադական արտադրող BlackBerry-ն գործարկում է BBM Channels սեփական սոցցանցը, որի հաշվին մտադիր է վերադարձնել իր սմարթֆոնների ժողովրդականությունը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված ներկառուցված բջջային BBM «սուրհանդակը» ընկերությունում տիրող ճգնաժամի ֆոնին արժեքավոր ակտիվ է: Նրա ամսական ակտիվ լսարանը գերազանցում 80 միլիոն օգտատերը: Դրա հիման վրա սոցցանց գործարկելու որոշում ընդունվել է վերակազմավորման շրջանակում, որը սկսել է BlackBerry-ի ժամանակավոր գլխավոր տնօրեն Ջոն Չենը:
BlackBerry Channels սոցցանցի տարբերակը Android և iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար կներկայացվի առաջիկա ամիսներին՝ հայտնել են ընկերությունում: Այս տարի ավելի վաղ BlackBerry-ն գործարկել էր առանձին շուկաների համար BBM-ի Android և iOS տարբերակը:









































