2013 թվականին Երևանում մայրուղիների և փողոցների կառուցման, հիմնանորոգման, ասֆալտ-բետոնե ծածկի ընթացիկ, փոսային նորոգման, հողային պաստառով ճանապարհների վերակառուցման, մայթերի վերանորոգման, ճաքալցման, դիտահորերի ծածկերի սալերի և ջրընդունիչ ցանցերի ուղղման և նորերի տեղադրման աշխատանքների համար ընդհանուր առմամբ, հաշվի առնելով բոլոր տեսակի ֆինանսավորման աղբյուրները, ծախսվել է շուրջ 19.5 միլիարդ դրամ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են քաղաքապետարանից:
Հասկանալու համար՝ շատ է այս ծախսը, թե քիչ, բավական է ընդամենը մի հայացք նետել Երևանի վրա, և ամեն ինչ պարզ կդառնա: Պարզ կդառնա, որ, օրինակ, ասֆալտապատման աշխատանքների մասով՝ Երևանի կենտրոնական հարթ փողոցները լիովին քերվել և կրկին ասֆալտապատվել են, ըստ որում՝ բացի արտաքին տեսքից, այսինքն՝ ասֆալտի թարմությունից, փողոցների որակական մասով, ըստ էության, փոփոխություններ չկան: Այսինքն՝ սա մոտավորապես նույնն է, ինչ կոտրված, ծուռումուռ, խախուտ սեղանի վրայից հանես հին սփռոցն ու փռես նորը: Արդյունքում սեղանը շարունակում է մնալ նույն անորակը, շատ կարճ ժամանակ անց նոր սփռոցը դառնում է սովորական, իսկ փողերը հայտնվում են ինչ-որ մարդկանց պատկանող ընկերությունների գրպաններում:
Նույնը կարելի է ասել մայթերի վերանորոգումների մասով: Դրա համար բավական է անցնել երևանյան մայթերով: Եվ ընդհանրապես՝ բավական է մի պտույտ կատարել Երևանով՝ տեսնելու համար, որ գումարները ծախսվում են միլիարդներով, իսկ Երևանի հարմարավետությունը քաղաքացիների համար նույնիսկ միլիմետրերով առաջ չի գնում:
Այս ամենից դատելով էլ վստահաբար կարող ենք եզրակացնել, որ 19.5 միլիարդ դրամը ոչ թե շատ է, այլ ահավոր շատ, քանի որ այդ ծախսերի արդյունքում ավելացել են միայն Տարոն Մարգարյանի լուսապայծառ քաղաքապետության մասին քարոզչական նույնանման հոլովակները, որ հաղորդումների տեսքով եթեր են հեռարձակվում կանոնավոր պարբերականությամբ: Որովհետև եթե իրական գործն արվում է, և այն լինում է տեսանելի, կարիք չի լինում եթեր տալ մեկը մյուսին կրկնող քարոզչական թողարկումներ, որովհետև քաղաքացիներն առանց այդ էլ կտեսնեն քաղաքապետարանի արած գործն ու կգնահատեն քաղաքապետին:
Մինչդեռ քաղաքացիները քաղաքապետարանի միայն ծախսած փողերն են տեսնում, և դրա համար էլ հարկ է լինում Տարոն Մարգարյանի «գործը» հեռուստատեսությամբ ցույց տալ, ցույց տալ գունավոր, որպեսզի չերևա այն մեծ սև խոռոչը, որ Տարոն Մարգարյանը բացել է Երևանում, և այնտեղ լցնում են հանրային գումարները:
Կամ՝ ավելի շուտ ճիշտ կլինի ասել, որ նախորդ գրեթե բոլոր քաղաքապետերի ժամանակ էլ եղած խոռոչը Տարոն Մարգարյանը ուղղակի ռեկորդային ծավալներով լայնացրել է՝ գերազանցելով իր բոլոր նախորդներին միասին վերցրած, ըստ որում՝ գերազանցելով ոչ միայն սև խոռոչի լայնությամբ, այլ նաև քաղաքապետի աշխատանքում իր անարդյունավետությամբ:
Երևանը շպարելը դեռ չի նշանակում քաղաք կառավարել և քաղաքացիների կարիքներ սպասարկել: Երևանը կարիք ունի ենթակառուցվածքային հեղափոխական քայլերի, և եթե միլիարդները ծախսվեին այդ ուղղությամբ, ապա միմիայն կարելի կլիներ ողջունել: Մինչդեռ Երևանում Տարոն Մարգարյանի կառավարման ընթացքում ոչ մի հիմնարար փոփոխություն կամ բարեփոխում չի եղել, չի եղել ոչ մի ֆունդամենտալ ենթակառուցվածքային խնդրի կարգավորում, նույնիսկ կարգավորման, ըստ էության, կոնկրետ գործընթացի մեկնարկ: Իսկ մեկնարկած մեկ-երկու ենթակառուցվածքային ճանապարհաշինական ծրագրերն էլ առ այսօր շարունակում են մնալ փոշու և կեղտի մեջ՝ երկար ժամանակով հետ ընկնելով ժամկետներից: Սակայն ինչպես ասում են՝ բարի գալուստ, Մաքսային միություն:
Հենց այս իրավիճակի հարատևության համար է կատարվում այդ ընտրությունը, որովհետև Եվրոպական միությունում ոչ միայն պետական կառավարման, այլ նաև համայնքային կառավարման լիովին այլ ստանդարտներ են, լիովին այլ մոտեցումներ ու մեխանիզմներ: Իսկ դա նշանակում է, որ ՏԻՄ կառույցները ոչ թե իրենց զգում են համայնքային իշխանիկներ, այլ համայնքի ենթականեր, ծառաներ:
Բնական է, որ այս չափանիշներն ու մոտեցումները սարսափելի են հայկական իշխանիկների համար, որոնք ամենավատ երազում անգամ չեն կարող տեսնել, որ կյանքի ինչ-որ հատվածում այլևս կարող են իշխանիկ չլինել:
Եվ ուրեմն՝ ինչո՞ւ գնալ այս ճանապարհով, եթե կարելի է ընդունել ռուս իշխանների հպատակությունը և ծախսել Հայաստանում հասարակության փողերը՝ ինչքան և ինչպես սրտները կկամենա:







































