Առաջիկայում մենք կտեսնենք Հայաստանի՝ ԵՄ-ի հետ գործակցելու մտադրության շարունակության կոնկրետ դրսևորում: Այս մասին այսօր քաղաքական գործիչների և վերլուծաբանների հետ «Վիլնյուսյան գագաթնաժողով. քաղաքական պարտությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նշեց, որ Վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ և սեպտեմբերի երեքի որոշումից հետո որպես ելակետային հարց պետք է վերցնել այն, թե ինչ նպատակ էր հետապնդում Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի ուղղությունը: Եթե դա ենք վերցնում, նրա խոսքով, ապա նպատակը չի կարելի վերացած համարել:
«Ինտենսիվ հարաբերությունների մասին էր խոսքը, և Հայաստանի այդ ձգտումը շարունակվում է, և առաջիկայում մենք կտեսնենք այդ մտադրությունը շարունակելու կոնկրետ դրսևորում: Էական չէ՝ ինչ կստորագրվի, Եվրոպան շարունակելու է պնդել իր հետաքրքրությունները Հարավային Կովկասում, և այստեղ ՀՀ-ի հետ համագործակցությունը ևս իր հետաքրքրությունների շրջանակում է:
Հարցին, թե ինչ հաշվարկների հիման վրա է ՀՀ իշխանությունը որոշել միանալ ՄՄ-ին՝ Խ. Հարությունյանը պատասխանեց, որ դեռևս ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին Սերժ Սարգսյանը հստակ շարադրել է ՀՀԿ-ի և իշխանության դիրքորոշումը, որ համոզված են՝ եվրոպական գործընկերները փաստում են, որ հարևանության քաղաքականությունն ուղղված է ոչ թե աշխարհաքաղաքական ներկայության դեմ, այլ հնարավորություն է գործընկեր երկրների հետ սկսել եվրոպականացման գործընթաց, մեկ հայտարարություն ևս արվել էր այն մասին, որ եթե եվրոպական գործընկերները ՀՀ-ին կանգնեցնեն ընտրության առաջ, դժվար չէ կանխատեսել, թե որն է լինելու ՀՀ-ի ընտրությունը:
Նրա գնահատմամբ՝ գոնե Հայաստանը համադրելու թեզով է առաջնորդվել: Նրա խոսքով՝ ՀՀ տնտեսական ամենակարևոր գործընկերը ՌԴ-ն է: «ՌԴ և ԱՊՀ երկրներ Հայաստանից արտահանումը 27 տոկոս է կազմում: Ռուսաստանի մատչելի սպառողական շուկան նպաստավոր է Հայաստանի համար»,- նկատեց նա:








































