Հնդկաստանում մարդու վրա կատարած հարձակումից հետո բռնված 4 մ երկարություն ունեցող կոկորդիլոսին բաց են թողել Գանգես գետը: Այդ մասին տեղեկացնում է The Times of India-ն:
Մարտի վերջին գիշատիչը սպանել է հնդկական Ութար Փրադեշ նահանգի գյուղերից մեկի բնակչին: Դեպքը տեղի է ունեցել, երբ գյուղացին կարիքները հոգալիս է եղել Ռամգանգա գետի ափին, որը Գանգեսի ճյուղավորումներից մեկն է:
Տեղի բնակիչները դիմել են իշխանություններին կենդանուն բռնելու պահանջով, որը մինչև սպանությունը նույնպես հաճախ վնաս է հասցրել իրենց՝ հարձակվելով նրանց անասունների վրա:
Իշխանությունները հայտարարել են գիշատչի որոնումների մեկնարկի մասին, սակայն կոկորդիլոսին բռնել չի հաջողվել մասնագետների պակասի պատճառով: Իսկ երբ գյուղի բնակիչները սպառնացել են փակել կարևոր մայրուղիներից մեկը, նոր միջոցառումներ են ձեռնարկվել, որոնցում ներգրավվել են նաև տեղի ձկնորսներն ու Wildlife SOS կենդանիների պաշտպանության կազմակերպությունը:
Ձկնորսներին հաջողվել է ցանցը գցել կոկորդիլոսին, ինչից հետո SOS-ի մասնագետները օգնել են դուրս հանել նրան ջրից և տեղափոխել Գանգեսի մոտ, որտեղ կենդանուն նորից ազատ են արձակել:









































