ԱՄՆ-ը մտադիր է Աֆղանստանից ամբողջությամբ դուրս բերել զորակազմը, եթե այդ երկրի նախագահ Համիդ Քարզայը չստորագրի անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը: Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Համիդ Քարզայն ու ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը տարակարծություն են արտահայտել համաձայնագրի ստորագրման առնչությամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ:
Քարզայի ու Ռայսի հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Քաբուլում: «Նախագահ Քարզայը նկարագրել է համաձայնագրի ստորագրման նոր պայմանները և հասկացնել տվել, որ պատրաստ չէ անհապաղ ստորագրել այն»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ռայսն ընդգծել է, որ առանց անհապաղ ստորագրման ԱՄՆ-ին այլընտրանք չի մնում, քան սկսել հեռանկարներ ծրագրել 2014-ից հետո:
Ռայսի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը մինչև հաջորդ տարի Աֆղանստանում կայանալիք ընտրությունները «ոչ նպատակահարմար» է: Ռայսը կարծում է, որ անորոշությունը կվնասի առաջին հերթին Աֆղանստանին:








































