Գերմանիայում ամռանը սկսված նացիստական ռազմական հանցագործների փնտրման ծրագրի ընթացքում Սիմոն Վիզենթալի կենտրոնը դուրս է եկել 4 մարդու հետքի վրա. Հիմա նրանց գործերը հետաքննում են դատախազության մարմինները:
Այս մասին, ինչպես փոխանցում է rus.ruvr.ru-ն, հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Էֆրաիմ Ցուրոֆը:
Ցուրոֆի խոսքերով՝ ակցիան շատ մեծ հնչողություն է ստացել: Սիմոն Վիզենթալի կենտրոն է դիմել 285 մարդ, որոնք կարողացել են կոնկրետ տեղեկություն տրամադրել 110 ենթադրյալ հանցագործների մասին: Կասկածյալներից 81-ն ապրում են Գերմանիայում: Նրանցից 4-ի դեմ դատախազության մարմիններն արդեն քրեական գործ են հարուցել: Բոլոր կասկածյալները հիմա մոտ 90 տարեկան են, հայտնում է Ria Novosti-ն:
Նրանց թվում է մի կին, որը, Ցուրոֆի տվյալներով, ծառայել է համակենտրոնացման մի քանի ճամբարներում ու մասնակցել է բանտարկյալների զանգվածային սպանությանը:
Եվս մեկ կասկածյալ մեղադրվում է 1944-ին զանգվածային ջարդի համար, որին զոհ է գնացել 642 մարդ, նրանց թվում՝ ավելի քան 200 երեխա:
Ցուրոֆի խոսքով՝ Սիմոն Վիզենթալի կենտրոնը մտադիր է մեծացնել նացիստական հանցագործների որոնման ակցիայի մասշտաբը:









































