Մոսկվայի Նիկուլինյան դատարանը քրդական ծագում ունեցող օրենքով գող Զախար Քալաշովին, ով հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, դատապարտեց 9 տարի և 10 ամսվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: Այդ մասին հայտնում է pravda.ru-ն:
Հանցավոր աշխարհի ղեկավարը մեղադրվում է քրեական խմբում բռնության կիրառմամբ լայնամասշտաբ երկու շորթումների մեջ: Մեղադրանքների դրվագներից մեկը, որը կապված է Elements կորեական ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմից 8 մլն ռուբլի շորթման հետ, ավարտվել է կրակոցներով, որի ընթացքում 2 մարդ սպանվել են, ևս 8-ը վիրավորվել: Քրեական վիճաբանությունը տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 14-ին:
Ավելի վաղ ասվել է, որ Քալաշովի ձերբակալումից ի վեր հանցավոր աշխարհի ներկայացուցիչները մտահոգված են նոր առաջնորդի ընտրության հարցով: Հայտնի է, որ Շաքրո Մոլոդոյը հանցավոր աշխարհի առաջնորդի կարգավիճակ է ստացել մեկ այլ քրեական հեղինակության՝ Դեդ Հասան մականունը կրող Ասլան Ուսոյանի սպանությունից հետո, որը կատարվել է 2013-ին: Քրեական աշխարհի նորընտիր առաջնորդը Ուսոյանի սպանությունից հետո ստանձնել է նաև վերջինիս կողմից ձևավորված քրդական հանցավոր խմբավորման ղեկավարությունը:
Դեռ 1960-ականներին «օրենքով գողի» կարգավիճակը ստացած Դեդ Հասանը իր հանցավոր գործունեության նախնական փուլում ղեկավարել է ռուսաստանյան մի քանի քաղաքների հանցավոր շրջանակներ՝ որոնց թվում նաև քրդական հանցախմբեր Կիսլովոդսկում, Մինվոդիում, Կրասնոդարում և Սոչիում: Իսկ արդեն 90-ականների կեսերին վերջինիս վերահսկողության տակ են անցել մերձբալթյան երկրների, Արևմտյան Եվրոպայի և Իսրայելի քրթական հանցախմբերը: Պետք է նշել սակայն, որ քրդական հանցավոր աշխարհը բնավ միասեռ չէ և իր ներսում միշտ հակասություններ է կրել: Վերջինի օրինակն է՝ 1996-ին քրդական հանցախմբերի հեղինակություն Միրոն Մամեդովի Մոսկվայում կատարված սպանությունը, ով թշնամական հարաբերություններ ուներ Ուսոյանի հետ:
Այժմ քրդական հանցախմբերի հետ է կապվում նաև վերջերս Տամբովում կանխված ահաբեկչությունը, որտեղ Միջին Ասիայից ժամանած ներգաղթյալները հզոր ցանց են ձևավորել:
Իրավապաշտպանները մի շարք չլուծված խնդիրներ ունեն նաև քրդական համայնքի գործարարների հետ: Վերջին ժամանակներում ուժային կառույցների ուշադրությունը հատկապես սևեռվել է տամբովյան գործարար և տարածաշրջանային Դումայի պատգամավոր Ջամալ Շամոյանի վրա: Նրանք պարզել են, որ գործարարը ընդհատակյա ծխախոտի գործարան է պահել, որտեղ արտադրվել են ռուսական և արտասահմանյան ապրանքանիշների ծխախոտներ: Ավելի ուշ Շամոյանի հետ կապված հարցեր են առաջացել նաև մի քանի շինարարական ընկերությունների աշխատակիցներին աշխատավարձ չտալու, ինչպես նաև հարկային պարտավորությունները չկատարելու և բյուջետային միջոցները սեփականացնելու վերաբերյալ:
Համացանցում լուրեր են շրջանառվում նաև Սարատովի շրջանում քրդական համայնքների ներկայացուցիչների անօրինությունների մասին: Քուրդ ֆերմերները արածեցնում են իրենց անասուններին ուրիշների տարածքներում, որոնք նախատեսված չեն այդ նպատակի համար, իսկ Ադիգեայում քրդերի հետ են կապում թմրավաճառությունը:
Միևնույն ժամանակ Մոսկվայում գործում է մի շատ կասկածելի, կիսաօրինական կազմակերպություն, որը զբաղվում է Ռուսաստանում արգելված գրականության տարածմամբ և ծայրահեղականության պրոպագանդայով: Որոշ տվյալների համաձայն՝ այն քողարկում է Մոսկվայի այնպիսի հանցատեղիներ, որտեղ ծաղկում է ապրում անչափահասների մարմնավաճառությունը և թմրամոլությունը:
Փաստորեն քրդական խնդիրը միայն թուրքական կամ սիրիական չէ: Տեղափոխվելով Ռուսաստան որոշ քրդեր արդեն հասցրել են սկանդալային կերպարներ ձեռքբերել: Ակնհայտ է, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում հենց քրդական համայնքներն են դառնում հանցավորության և բացահայտ ավազակության կենտրոնները:









































